Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում այսօր վերսկսվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցի քննարկումը: Դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը և նրան կալանքի տակ թողեց: Պաշտպանական կողմը կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն էր ներկայացրել՝ նվազագույն շեմ առաջարկելով 20 մլն դրամը:
Առուշ Առուշանյանն այսօր չէր ներկայացել դատարան: Պաշտպաններն ընթերցեցին նրա էլեկտրոնային դիմումը, ըստ որի Առուշանյանը վատառողջ է և դժվար է հաղթահարում Գորիս-Երևան ավտոճանապարհը: Գորիսի քաղաքապետը մեղադրվում է քվեարկության գաղտնիությունը խախտելը նախապատրաստելու, կազմակերպելու և օժանդակելու, նաև պաշտոնական դիրքը չարաշահելով՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու համար:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդեն Կապանի նստավայրում էլ շարունակվել է Գորիսի մշակույթի տան տնօրենի գործով դատական նիստը: Մեղադրող դատախազը միջնորդել է Հայկ Խաչատրյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման։ Պաշտպանները ժամանակ են խնդրել՝ պաշտպանական ճառը պատրաստելու համար: Դատարանը բավարարել է այդ միջնորդությունը և հաջորդ նիստի օր նշանակել հոկտեմբերի 27-ը:
Ըստ մեղադրանքի՝ Խաչատրյանը մշակույթի կենտրոնի գրադարանավար Արմիդա Աղաբեկյանին և մյուս աշխատակիցներին հարկադրել է մասնակցել հունիսի 7-ին Գորիսում «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքին։ Իսկ հունիսի 15-ին սպառնացել է աշխատանքից ազատել գրադարանավար Արմիդա Աղաբեկյանին, խոչընդոտել է մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին՝ աշխատակցուհուն անվանելով դավաճան։ Խաչատրյանը Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:
Այսօր նաև հայտնի է դարձել, որ Ազգային անվտանգության ծառայության նախապատրաստած նյութերի հիման վրա 20 անձի մեղադրանք է առաջադրվել ընտրողներին կաշառք տալու և կաշառք ստանալու համար: Ըստ գործի նյութերի՝ ԱԺ արտահերթ ընտրություններում «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու Սուսաննա Տոնոյանը 800.000 դրամ կաշառք է տվել մի շարք անձանց՝ ընտրություններին մասնակցելու և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար: Գործում ներգրավված մեղադրյալներից 15-ը տվել են խոստովանական ցուցմունք և ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները: 20 մեղադրյալներից 8-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով, իսկ 12-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: