Ռուսաստանի և Բելառուսի կառավարությունները ուրբաթ կհաստատեն ինտեգրացիոն ծրագրերի փաթեթը, որը նախօրեին համաձայնեցրել էին նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն՝ գրում է BBC-ն:
Պուտինը նշել է, որ, «28 ծրագրերն ուղղված են Ռուսաստանի և Բելառուսի օրենսդրության միասնականությանը տնտեսության տարբեր ոլորտներում, երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների գործունեության պայմանների հավասարեցմանը, միասնական ֆինանսական և էներգետիկ շուկաների կառուցմանը, տրանսպորտային տարածքի ստեղծմանը, արդյունաբերական և գյուղատնտեսական ընդհանուր քաղաքականության ձևավորմանն ու իրականացմանը»:
Նախատեսվում է ինտեգրացիոն ծրագրերը ստորագրել մինչև այս տարվա վերջ:
Միջազգային ԶԼՄ-ները նկատել են, որ մինչ եվրոպական երկրները, ԱՄՆ-ն և Կանադան սահմանափակումներ են կիրառում Բելառուսի նախագահի, նրա շրջապատի և տնտեսության տարբեր ոլորտների նկատմամբ, Վլադիմիր Պուտինը Լուկաշենկոյին խոստանում է բազմակողմանի օգնություն:
Ռուսաստանը ոչ միայն Բելառուսի հիմնական առևտրային գործընկերն է, այլև հիմնական վարկատուն: Բելառուսի պարտքը Ռուսաստանին կազմում է գրեթե 8 միլիարդ դոլար:
Բելառուսի ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2021 թվականի օգոստոսի սկզբին հանրապետության արտաքին և ներքին պարտքը, հասել է 57.4 միլիարդ բելառուսական ռուբլու (22.8 միլիարդ դոլար): Մինչև այս տարվա վերջ Բելառուսը պետք է մարի պարտքի մոտ 1 մլրդ դոլարը: