Մինսկում սեպտեմբերի 10-ին Ռուսաստանի և Բելառուսի վարչապետները ստորագրեցին Միութենական պետության 2021-2023 թվականների զարգացման ուղղությունների վերաբերյալ որոշումը: Դրա վերաբերյալ մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 9-ին, 3.5 ժամ տևած հանդիպման ընթացքում պայմանավորվել էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Երկու երկրների ինտեգրման խորացման ծրագրերի փաթեթը կվավերացվի մինչև տարեվերջ՝ Միութենական հանրապետության բարձրագույն հանրապետական խորհրդի կողմից: Կողմերին հաջողվել է համաձայնեցնել 28 միութենական ծրագիր՝ հիմնականում ֆինանսական և էներգետիկ միասնական շուկաների ստեղծման վերաբերյալ: Կներդաշնակեցվեն երկու երկրի հարկային և մաքսային կանոնադրությունները: Կստեղծվի միասնական դրամական համակարգ:
Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Քննարկել ենք նաև միասնական պաշտպանական տարածության ստեղծման և Միութենական հանրապետության անվտանգության ապահովման հարցերը: Այդ համատեքստում մեծ ուշադրություն ենք դարձրել Ռուսաստանի և Բելառուսի տարածքում ընթացող Արևմուտք-2021 համատեղ զորավարժություններին, որոնք մեծ նշանակություն ունեն: Դրանք որևէ մեկի դեմ ուղղված չեն, բայց դրանց անցկացումը տրամաբանական է այն պարագայում, երբ ուրիշ միություններ, օրինակ, ՆԱՏՕ-ն, ակտիվորեն մեծացնում են իրենց ներկայությունը Միութենական հանրապետության և ՀԱՊԿ-ի սահմանների մերձակայքում:
Վլադիմիր Պուտինը հիշեցնում է՝ Բելառուսն ԱՊՀ-ում Ռուսաստանի գլխավոր առևտրատնտեսական գործընկերն է: Երկու երկրի միջև Միութանական պայմանագիր կնքվել է դեռ 1999-ին: Պուտինը չի բացառել նաև, որ ապագայում կարող է ստեղծվել Ռուսաստանի և Բելառուսի միութենական խորհրդարան: Ալեքսանդր Լուկաշենկոն հատկանշական է համարում, որ ի տարբերություն նախորդ հանդիպումների, այս անգամ լրագրողները հանդիպման արդյունքների մասին լսում են առաջին ձեռքից: Խոստանում է նաև հրապարակել համաձայնեցված բոլոր 28 փաստաթղթերը, որոնց վրա կողմերն աշխատել են 3 տարի: Լուկաշենկոն վստահ է. իրենք սխալվել չեն կարող, ի տարբերություն Եվրամիության, որը, ըստ Բելառուսի նախագահի, շատ է սխալվում և կարող է կործանվել՝ հիմնականում միության կազմում իրար քննադատելու պատճառով:
Ալեքսանդր Լուկաշենկո (Բելառուսի նախագահ) - Մենք չենք ցանկանում կրկնել այդ սխալները, նաև նրանք, որոնք եղել են Խորհրդային միությունում: Մենք եզրակացություններ ենք արել: Իմիջիայլոց, մեզ հաճախ մեղադրում են, թե Միութենական պետությունը քաղաքական նախագիծ է: Ո՛չ, դա առանձնահատուկ ինտեգրացիոն միավորում է, որն առաջ է տարվում բոլոր ուղղություններով, այդ թվում՝ նաև քաղաքական: Օրինակ՝ մեր ռազմաքաղաքական դաշինքը: Մենք դա չենք թաքցնում: Շատ ուղղություններով, ինչպես արտաքին քաղաքականությունն է, պաշտպանական քաղաքականությունը, անվտանգությունը, մենք հեռու ենք գնացել: Մենք ավելին չենք անում, քան մեր մրցակիցները և հակառակորդները: Մենք օրինակ են ցույց տալիս, թե ինչպես է պետք առաջ շարժվել ԵԱՏՄ-ում և ԱՊՀ-ում: Այսինքն՝ մենք առաջ ենք շարժվում, ինչպես բուլդոզեր՝ մաքրելով ճանապարհը ապագա միավորումների համար հետխորհրդային տարածաշրջանում:
Ռուսաստանի և Բելառուսի միջև ինտեգրման խորացման վերաբերյալ որոշումը Լուկաշենկոն բացատրում է շուկայում հավասար մրցակցություն, շահավետ փոխգործակցություն իրականցնելու անհրաժեշտությամբ: «Այստեղ Ռուսաստանի և Բելառուսի ժողովուրդների համար որևէ վատ բան չկա և չի կարող լինել»-, վստահենցում է նա, ամեն ինչ արվում է երկու ժողովրդի բարեկեցության համար և այս ինտեգրացիան բացառապես փոխշահավետ է:
Ի դեպ, Ռուսաստանի նախագահը հայտարարել է Բելառուսին 640 միլիոն դոլար վարկ հատկացնելու մասին, որը կտրվի մինչև հաջորդ տարվա ավարտ։ Բելառուսի համար ռուսական գազի գինը 2022թ-ին կմնա նույնը, ինչը այս տարի, ստեղծվելու է բնական գազի միասնական շուկա, և չեղյալ են համարվում երկու երկրի միջև օդային ուղևորափոխադրումների սահմանափակումները։
Երկու երկրի նախագահները հավաստիացնում են, այս ծրագիրը սպասարկելու է բացառապես շարքային քաղաքացիների շահերը: