Կստեղծվի նոր մոդելային սարք, որով Սևանա լճի ծաղկման փուլում ափամերձ աղտոտված տարածքները կմաքրվեն լրացուցիչ օրգանական նյութերից՝ նվազեցնելով էվտրոֆացման (կամ ճահճացման) գործընթացը և կենսածին տարրերի քանակը լճում, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Նախագիծը ֆինանսավորում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեն «Սևանա լճի էվտրոֆացման մեխանիզմների գնահատում» և ««Ծաղկման» երևույթների դեմ պայքարի մեթոդների մշակում» նպատակային ծրագրերի շրջանակներում: Սևանա լճում էվտրոֆացման գործընթացի դանդաղեցմանն ուղղված ուսումնասիրությունները, միջոցառումներն ու ծաղկման երևույթների դեմ պայքարի մեթոդների մշակման աշխատանքներն իրականացնում են ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, ԳԱԱ երկրաբանության ինստիտուտը, Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնը և «Բիոմիներալ» ՍՊԸ-ն:
Վերջին տարիներին Սևանա լիճը ծաղկում է ազոտի և ֆոսֆորի մեծ քանակությամբ ներթափանցման պատճառով: Արդյունքում, ջրում նվազում է ձկների ու ջրային այլ կենդանիների համար հասանելի թթվածնի քանակը և հանգեցնում ջրային կյանքի խեղման: Ծրագրերի շրջանակում արդեն իսկ իրականացվել է Սևանա լճի ջրի գենաթունային և կանցերոգեն հատկությունների գնահատում: ԱԹՄ-ի բիոթեստի տվյալներով՝ ուսումնասիրված բոլոր ջրային նմուշներում առկա է ծաղկման շրջանում սոմատիկ կետային մուտացիաների, անգույն մուտացիաների, ինչպես նաև անկենսունակ մազիկների քանակի հավաստի բարձրացում:
Դեռևս 2020 թ.-ից հետազոտվում են Սևանա լճի ջրի ծաղկման մեխանիզմները, մշակվում է կապտականաչ ջրիմուռներից ջրերի մաքրման նպատակով Հայաստանի ցեոլիտների օգտագործման մեթոդաբանությունը, կատարվում է մաքրման ընթացքում ջրի բաղադրության վրա ցեոլիտների ազդեցության գնահատում։
Գիտական կազմակերպությունները լճից միկրոօրգանիզմների, միկրոջրիմուռների, ցիանոբակտերիաների հեռացման համար աշխատում են ստեղծել էժան և անվնաս կլանիչներ: Մոդելային սարքի միջոցով Սևանա լճից կկլանվեն լճի համար վնասակար միկրոօրգանիզմները, միկրոջրիմուռները, ցիանոբակտերիաները: Ծրագրի գիտական ղեկավարն է ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը:
Արդեն իսկ ստացված արդյունքները տպագրվել են մի շարք հանրապետական և արտերկրյա հանդեսներում, այդ թվում՝ Limnology and Freshwater Biology, 2020 (4) պարբերականում: