Սեպտեմբերի 10-ին Կիևում՝ Ուկրաինայի հայերի միության կենտրոնական գրասենյակում, կազմակերպության ղեկավարությունը հանդիպել է Հայաստանի նոր դեսպանի հետ:
AnalitikaUA.net-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը ողջունել է ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանին՝ հույս հայտնելով, որ Կիևի և Երևանի միջև համագործակցությունն ավելի կսերտանա:
Հայ համայնքի ղեկավարը ներկայացրել է Ուկրաինայի հայերի միության գործունեությունը, խոսել կազմակերպության նախաձեռնությունների մասին Հայաստանում: Նշվել է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Հայաստանին ցույց տրված լայնածավալ օգնության, բարեգործական և սոցիալական ծրագրերի ու Երևանում սքեյթի պուրակի մոտալուտ բացման մասին, որը Ուկրաինայի հայերի միության նվերն է մեր մայրաքաղաքին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է համայնքի գործունեությանը, Ուկրաինայի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանն էլ խոսել է պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների և երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման ծրագրերի մասին: Կողմերը համագործակցության պատրաստակամություն են հայտնել: