«Դիմակն ինչ արժե» հարցին խանութի օպերատոր-հսկիչը պատասխանեց. հաճախորդներին այստեղ դիմակն անվճար ենք տալիս:
Նադեժդա Սայամյան (առևտրի կենտրոնի օպերատոր-հսկիչ) - Մենք հորդորում ենք, պահանջում ենք, որ դիմակ դնեն, բայց հաճախորդ կա, որպեսզի անհարմար վիճակի մեջ չհայտնվի, մենք ենք առաջարկում:
Հակահամաճարակային կանոնների խախտումներից ամենահաճախ հանդիպողը հենց դիմակ չկրելն է՝ նկատեց Սննդի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչը: Տեսուչներն այսօր շրջում էին Նոր Նորք վարչական շրջանի առևտրի կենտրոններում:
Մոտ 3 շաբաթում 207 տնտեսվարողի գործունեության ուժեղացված հսկողության արդյունքում 12 արձանագրություն է կազմվել: Միայն մեկ դեպքում է, որ տուգանք է սահմանվել: 150 հազար դրամով տուգանվել է տնտեսվարողը, որի մոտ երկրորդ անգամ նույն խախտումն են արձանագրել:
Նադեժդա Սայամյան - Հիմնական խախտումը լինում է դիմակների չկրում հաճախորդների կողմից: Լինում են դեպքեր՝ աշխատակիցները չեն կրում, և ախտահանության ու ջերմաչափման վերաբերյալ գրանցամատյաններ չեն վարում: Հիմնականում էսպիսի խախտումների ենք հանդիպում:
Այս դեպքում ջերմաչափման, ախտահանման գրանցամատյանները ստուգեցին, համոզվեցին. տվյալ տնտեսվարողի մոտ ամեն ինչ կարգին է: Նույնիսկ աշխատակիցների ջերմաչափումն իրականացվում է ոչ թե 2 անգամ, ինչպես սահմանված է, այլ 4: