Մայր բուհը, Մանկավարժականն ու Շիրակի համալսարանը մինչև տարեվերջ հոգաբարձուների խորհրդի նոր, ամբողջական կազմ կունենան: ԿԳՄՍ նախարարությունը խորհրդի անդամների թիվը կրճատել է: Որոշ բուհերի դեպքում նախկին 32 հոգանոց կազմը 12-ով նվազել է: 20 հոգանոց խորհրդում ներկայացուցչական համամասնությունը հավասար է բաշխվել:
Լուսինե Գրիգորյան, ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ - Բուհերում տեղի կունենան ընտրություններ և՛ պրոֆեսորդասախոսական կազմից, և՛ ուսանողական ներկայացուցիչներից: Ինչպես կարգն է՝ այդ անդամության թեկանածուների տվյալները կներկայացվեն նախարարություն: Նախարարությունն էլ, որպես լիազոր մարմին, իր ներկայացուցիչներին կառաջադրի, և դա կուղարկենք վարչապետի վերջնական հաստատմանը:
Բուհը կունենա 5 ներկայացուցիչ կառավարությունից, 5-ը՝ կրթության ոլորտի լիազոր մարմնից, 5-ը՝ պրոֆեսորադասախոսական կազմից, ևս 5-ն էլ՝ ուսանողներից: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը ներկայացվածության այս տարբերակին կողմ է, սակայն մեծ բուհերի դեպքում կազմի կրճատումը արդարացված չի համարում:
Կառլեն Խաչատրյան, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ, տնտեսագետ - Նախկինում էլ օրենքի մեջ պատահական չէր 20-32 հոգու ինտերվալը և, կարծում եմ, որ բուհի մեծությունը, բուհի առանձնահատկությունները պետք է հաշվի առնվեն հոգաբարձուների խորհրդի կազմը որոշելիս: Ի վերջո, այո՛, շատ մեծ հոգաբարձուների խորհուրդն օպերատիվ որոշումներ կայացնելու հնարավորություն չի ընձեռում, բայց մյուս կողմից էլ վտանգ կա, որ փոքրաթիվ անդամներով խորհրդի պարագայում մենք հնարավորություն չենք ունենա տարբեր ոլորտային ներկայացուցիչներ ունենալ:
Պետհամալսարանը, Մանկավարժականը, Շիրակի և Գորիսի համալսարաններն այս պահին ղեկավարում են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարները: Բացի այդ՝ Մայր բուհում և Մանկավարժականում ժամանակավոր են նաև հոգաբարձուների խորհուրդները: Ըստ հիմնադրամների մասին օրենքի՝ Արդարարադատության նախարարի հրամանով՝ հունիսից ձևավորվել է երեք հոգանոց խորհուրդներ, որոնց կազմը նույնն է՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ու ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյան:
Լուսինե Գրիգորյան - Կառավարման այդ չակերտավոր ճգնաժամ ասածը լուծվեց, հիմա բնականոն կերպով շատ հանգիստ պետք է օրենքով սահմանված կարգով նախաձեռնվի հոգաբարձուների խորհրդի ձևավորում: Մենք նոր մեկնարկ ենք տալիս. կընտրվի հոգաբարձուների խորհուրդ, և հույս ունեմ, որ այդ հոգաբարձուների խորհուրդը կկարողանա ապահովել բուհի բնականոն գործունեությունը:
Կառլեն Խաչատրյանը համամիտ չէ, որ կառավարման ճգնաժամը հնարավոր է հաղթահարել հոգաբարձուների խորհրդի կազմը կրճատելով: Ըստ նրա՝ այդ թիվը չէ, որ խոչընդոտում էր խորհուրդների նախագահների և ռեկտորների ընտրությանը: Պարզապես փոքրաթիվ կազմն, ըստ նրա, առավել հեշտ է վերահսկել: Մինչդեռ հոգաբարձուների խորհուրդը միայն ռեկտոր ընտրելու համար չէ:
Կառլեն Խաչատրյան - Օրինակ՝ Երևանի պետական համալսարանի խորհրդի կազմով նիստերի ժամանակ մենք տեսել ենք, որ բյուջեի, հաստիքացուցակի քննարկմանը կառավարությունն ու լիազոր մարմինն ակտիվ չեն, հետևաբար մեծաթիվ լինելն այս առումով շահեկանորեն կարող էր էֆեկտիվ լինել:
Բուհերն իրենց խորհուրդները պետք է ձևավորեն մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը: Ըստ օրենքի՝ հոգաբարձուների խորհուրդը կազմավորվելուց հետո միայն կարող է հայտարարվել ռեկտորի մրցույթ: