Դպրոցի ճամփան՝ քարուքանդ փողոցներով, դժվար ու երկար է մերձավանցի երեխաների համար: Իսկ եթե եղանակն անձրևոտ է, փողոցի ցեխը նաև դասարան են տանում:
Եվս մի քանի օր ու երեխաները դպրոց կգնան մաքուր ճանապարհով: Մերձավան հասած սուբվենցիոն ծրագրի շնորհիվ համայնքի գլխավոր ու հարակից մի քանի փողոց նորոգվում և բարեկարգվում է: Ծրագիրի արժեքը 53 մլն դրամ է. 30 տոկոսը ֆինանսավորում է պետությունը, 70-ը՝ համայնքը: Որակի մասին ճանապարհաշինարարները վստահ են խոսում:
Արզուման Արզումանյան, շինարարական ընկերության գործադիր տնօրեն - Եվրոպական ստանդարտներին համապատասխան չափանիշներ են, այնպիսի գործ ենք անում, որ 15-20 տարվա կյանք ունենա:
Ծրագրում ներառված են դպրոց, մանկապարտեզ, բուժամբուլատորիա և գյուղապետարան տանող ճամփաները: Ամեն տարի այդ փողոցները մասնակի փոսալցրել ու նորոգել են, բայց դա եղել է ժամանակավոր լուծում: Իսկ այս ծրագրով ասֆալտապատելու են փողոցներն ու մայթերը, տեղադրելու են նաև եզրաքարեր:
Արզուման Արզումանյան - Մոտ 5000 քմ ասֆալտապատման աշխատանքներ են, որից 4500-ը հիմնական ասֆալտն է, 500 քմ-ը՝ մայթերի ասֆալտապատումը եզրաքարերով:
Համայնքի ղեկավարությունը տուն առ տուն մտել, բնակիչներին զգուշացրել է՝ ջրագծերի հետ կապված ինչ խնդիր ունեն՝ մինչև ասֆալտապատումը վերացնեն, որ ասֆալտից հետո քանդելու հարց չբարձրացնեն:
Փողոցները բարեկարգելուց և Սարի թաղը գազով ապահովելուց հետո Մերձավանի ղեկավարությունը կփորձի լուծել նաև բազմաբնակարանների կոյատարերի տասնամյակների խնդիրը: