ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Աֆղանստանի արմատական իսլամական «Թալիբան» շարժումից պահանջել է իշխանության գալուց հետո խզել բոլոր կապերն ահաբեկչական կազմակերպությունների հետ: РИА Новости-ն մեջբերել է Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Սայմոն Քովնիի հայտարարությունը:
Ըստ Քովնիի, եթե թալիբները չդադարեն աջակցել միջազգային ահաբեկչությանը, երկիրը կշարունակի բախվել պատժամիջոցներին ու մեկուսացմանը:
Փորձագետները կարծում են, որ առանց միջազգային հանրության աջակցության՝ առաջիկա շաբաթներին Աֆղանստանում կսկսվի համապարփակ ճգնաժամ, քանի որ երկրի ակտիվները ներկայումս սառեցված են, բանկերը փակ են, իսկ արտաքին կարևոր օգնությունը դադարեցվել է:
«Թալիբան» արմատական շարժման ղեկավարները հայտարարել են, որ գրոհայինները Աֆղանստանում ահաբեկիչների դեմ կպայքարեն առանց այլ երկրների օգնության: Այս մասին հայտարարել է Դոհայում շարժման պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Սոհեյլ Շահինը:
Նա հայտնել է, որ շարժման առաջնորդները չեն ծրագրում օտարերկրյա դաշնակիցների հետ համատեղ հակաահաբեկչական գործողություններ իրականացնել, ինչպես նաև ահաբեկիչների մասին տվյալներ տրամադրել մյուս պետություններին:
Շահինը շեշտել է, որ Աֆղանստանի հետախուզական ծառայություններն ունեն հնարավորություն, փորձ և անհրաժեշտ զենք՝ անվտանգության մարտահրավերներին ինքնուրույն դիմակայելու համար:
Թալիբները վստահեցնում են, որ շարունակում են պայքարել ահաբեկչական կազմակերպությունների դեմ Աֆղանստանի տարածքում, և, ըստ վերջին տեղեկությունների, երկրի Նանգարհար և Մավլավի նահանգներում ձերբակալվել են «Իսլամական պետության»՝ 8 տասնյակից ավելի գրոհայիններ: