«ՀայՓոստը» գործարկում է նոր ծառայություն, որը հնարավորություն է տալիս հաճախորդի տանը կանխիկ գումարով կատարել կոմունալ վճարումներ: Ծառայության համար հավելյալ գումար չի գանձվում:
Փոստատարների միջոցով կոմունալ վճարների ընդունման ծառայությունը կմատուցվի ՀՀ ամբողջ տարածքում, պլանշետների միջոցով: Փոստատարը, այցելելով հաճախորդի բնակարան, օրինակ՝ կենսաթոշակ, նպաստ վճարելու կամ նամակը հանձնելու, միաժամանակ կառաջարկի նաև կոմունալ վճարների ընդունում:
Ինչպես նշում է «ՀայՓոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, «ՀայՓոստը սկսում է մատուցել նոր ծառայություն, որով մեր հաճախորդների համար առավելագույնս կապահովենք հասանելիություն և հարմարավետություն: Մեր փոստատարներն այժմ պլանշետներով կայցելեն բնակարաններ, և «ՀայՓոստի» հաճախորդները, գտնվելով իրենց բնակարաններում, առանց լրացուցիչ այլ վճարների կարող են կատարել կոմունալ վճարումները»:
Հաճախորդի ցանկության դեպքում փոստատարը տպում և տրամադրում է բաժանորդի պարտքի վերաբերյալ հաշվետվությունը, այնուհետև, հաճախորդի համաձայնությամբ գանձում վճարումը՝ տրամադրելով անդորրագիր: