Քննչական կոմիտեն oրեր առաջ ավարտել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ շուրջ 11 միլիոն դրամի հափշտակություն կատարելու և փողերի լվացման գործով նախաքննությունը: Այս գործը աննախադեպ է տուժողների թվով՝ 168 անձ, 6 մեղադրյալ:
Ըստ գործի նյութերի՝ Կապանի բնակիչները 2019 թ. փետրվարի 28-ից մինչև 2020 թ. հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում ok.ru սոցիալական կայքում գրանցված օգտատերերի էջերից բեռնել են վերջիններիս էջերում առկա լուսանկարները և տվյալները, որոնց միջոցով նույն կայքում ստեղծել են կեղծ էջեր՝ դրանք նմանեցնելով վերոնշյալ օգտատերերի իրական էջերին:
Հովհաննես Վարդանյան, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննիչ - Հանդես են եկել որպես իրական օգտատեր, արդեն որպես բարեկամ կամ ծանոթ հայտնել են, որ իրենց նվերի տեսքով ցանկանում են գումար փոխանցել: Արդեն իսկ խաբկանքն առաջացել է, մարդկանց մոտ վստահություն է եղել, որ հաղորդագրությունը գրում է իրենց բարեկամը կամ հարազատը: Վստահություն ներշնչելով այդ անձանց մոտ՝ տրամադրել են իրենց անվամբ թողարկված բանկային քարտի տվյալները:
Այնուհետև, ըստ քննիչի, բանկային քարտի տվյալներից գումարները փոխանցել են տեղական և այլ էլեկտրոնային դրամապանակների, այդկերպ կատարելով շուրջ 11 միլիոն դրամի փողերի լվացում: Հովհաննես Վարդանյանի խոսքով՝ ֆիշինգային էջերի միջոցով հափշտակվում են նաև սոցիալական ցանցերի անհատական էջերը:
Հովհաննես Վարդանյան - Այսինքն՝ ապօրինի հասանելիություն է ստացվում այդ էջերին: Այնուհետև էջերը վերադարձնելու նպատակով իրական օգտատերերից պահանջում են որոշակի գումարի փոխանցում:
Ֆիշինգային էջերը դրանք որպես այդպիսին գովազդվող էջեր են: Օրինակ, եթե մուտք գործեք մեր էջ, դուք հնարավորություն կստանաք ձեռք բերելու կամ շահելու iphone: Օգտատերն արդեն տվյալ հղումով մուտք է գործում տվյալ էջ, տվյալ էջում հանցագործը պահանջում է արդեն մուտքագրելու իր ֆեյսբուքյան կամ ինստագրամյան այլ սոցիալական կայքերի մուտքանունն ու գաղտնաբառը, որոնք արդեն փոխանցվում են հանցագործին:
Կիբեռհանցագործության զոհ դառնալու պատճառն, ըստ քննիչի, քաղաքացիների ոչ իրազեկ լինելն է:
Հովհաննես Վարդանյան - Իրենց անձնական տվյալները, այդ թվում՝ բանկային քարտի տվյալները, սոցիալական քարտի, կամ նույնականացման քարտի, անձնագրային տվյալները, բջջային հեռախոսահամարները, համարին ստացված հաղորդագրությունն այլ անձանց պետք չէ տրամադրել:
Իրավապահ համակարգի ներկայացուցիչը խորհուրդ է տալիս՝ եթե սոցցանցերում օգտատերը հանդես է գալիս որպես հարազատ, բարեկամ և պահանջում է որոշակի տվյալ, կարելի է տվյալը բաժանել մի քանի մասի. օրինակ՝ տվյալի մի մասը տրամադրել մի կապի միջոցով, մյուսը՝ մյուս մասը, այլ կապի՝ վստահ լինելու համար, որ անձնական տվյալները հասանելի են դառնում իր իմացած անձին, ոչ թե երրորդ անձի:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան: