Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի 3 թեկնածուից առաջինը Սասուն Խաչատրյանը պատասխանեց մրցութային խորհրդի հարցերին: ՀՔԾ պետի համոզմամբ՝ ամենամեծ առավելությունն այն է, որ ստեղծվող իրավապահ կառույցն ունենալու է օպերատիվ մարմին, մեծանալու է գործերի քննության արդյունավետությունը:
Սասուն Խաչատրյան, ՀՀ ՀՔԾ պետ, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու - Պետք է ջանքեր գործադրվեն, որ այդ մարմինն ունենա փորձագիտական կենտրոն, որտեղ հիմնականում կլինեն այն ոլորտի մասնագետները, որոնք ներգրավվում են կոռուպցիոն հանցագործությունների քննությանը:
Մրցութային խորհրդում ներկայացուցիչներ ունեն կառավարությունը, դատախազությունը, «Իրազեկ քաղաքացիների միավորումը»: Գործընթացն իրականացվում է հրապարակային: Թեկնածուներին հարցեր ուղղեց նաև «Զարգացման իրավունք» միջազգային կազմակերպության փորձագետ Վիտալի Կասկոն: Մասնագիտական գիտելիքների, կարողությունների, հայտարարագրման ներկայացված ունեցվածքի վերաբերյալ հարցերից մինչև բարեվարքությանն առնչվող մանրամասներ:
Վիտալի Կասկո, «Զարգացման իրավունք» միջազգային կազմակերպության փորձագետ - Հակակոռուպցիոն կոմիտեի հետ կապված որո՞նք են Ձեր երկարաժամկետ և կարճաժամկետ առաջնահերթությունները, կարո՞ղ եք արդարացնել դրանք:
Սասուն Խաչատրյան - Ակնկալում ենք ունենալ վստահելի, բարձր պրոֆեսիոնալ հատկություններով օժտված, անձնակազմով համալրված մարմին, որը նախևառաջ վստահություն կներշնչի:
Ինչո՞ւ է Հայաստանում 30 տարում տապալվել հակակոռուպցիոն պայքարը՝ Խաչատրյանին հարց ուղղեց «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավարը: Երեք տասնամյակի հակակոռուպցիոն պայքարը Սասուն Խաչատրյանը հաջողված չի համարում: Ըստ նրա՝ պայքար եղել է, բայց որոշ դեպքերում եղել է նաև պայքարի իմիտացիա:
Սասուն Խաչատրյան - Կոռուպցիայի դեմ պայքարը կարող է տեղի ունենալ միայն քաղաքական կամքի առկայության պայմաններում: Կարծում եմ՝ քաղաքական կամքը կա, իրոք լայն հնարավորություններ կան: Ոչ թե իմիտացիայով զբաղվել, այլ գործով:
Խաչատրյանը մանրամասնեց նաև դստեր հարսանեկան 3,5 միլիոն դրամ նվիրատվության, իր ավտոմեքենայի, կնոջ, կնոջ եղբոր առնչությամբ խորհրդի ձեռքի տակ եղած տեղեկությունները: Մրցութային հանձնաժողովի ղեկավարը նկատեց՝ կնոջ անվամբ անշարժ գույքի հետ կապված կա որոշակի անհամապատասխանություն:
Սասուն Խաչատրյան - Ինչպես հասկացա, բոլոր խնդիրները կնոջից են գալիս:
Ամենաերկարը Խաչատրյանի հետ հարցուպատասխանն էր: Հավակնորդներից Գառնիկ Թորոսյանն աշխատել է ոստիկանական համակարգում, ղեկավարել իր հիմնած փաստաբանական գրասենյակը: Ասաց, որ որոշել է Հայաստանի համար դժվար ժամանակահատվածում հակակոռուպցիոն պայքարում ներդնել գիտելիքը, օգնել պետությանը:
Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար - Վստա՞հ եք, որ պատշաճ տիրապետում եք Հայաստանի հակակոռուպցիոն օրենսդրությանը և օրենսդրության տրամաբանական կառուցվածքին:
Գառնիկ Թորոսյան, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու - Հասկանում եմ հարցի լրջությունը, պատասխանատվությունը, որ պետք է ստանձնի կառույցը, ներկա Հայաստանում առավել պատասխանատու գործ է: Տիրապետո՞ւմ եմ, բնականից ոչ լիարժեք, քանի որ հակակոռուպցիոն քաղաքականություն գործնականում երկու-երեք տարի է, որ իրականացվում է:
Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի թեկնածուներից Դավիթ Մկրտումյանն աշխատել է ֆինանսական, բանկային ոլորտում, ունի նաև օրենսդիրի աշխատանքային փորձ: Կոռուպցիայի դեմ պայքարը, նրա խոսքով, պետք է գնահատել լայն շրջանակով՝ բոլոր մարմինների փոխգործակցությամբ: Արդյո՞ք օրենսդրությունն ապահովում է հակակոռուպցիոն պայքարի արդյունավետ մեխանզիմներ:
Դավիթ Մկրտումյան, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու - Ուզում եմ շեշտել հակակոռուպցիոն գերատեսչության ներդրման կարևորությունը, կոմիտեն դառնում է անկախ մարմին, որի նախագահին ընտրում է նախագահը, փոխարինելու մեթոդները շատ սահմանափակ են: Ամենակարևորն այն է, որ անկախություն է տրամադրվում կոմիտեին:
Հարցազրույցը տևեց մոտ 7 ժամ: Հանձնաժողովը հրապարակեց մրցույթի արդյունքները. Սասուն Խաչատրյանը հավաքեց 308, Դավիթ Մկրտումյանը՝ 257, իսկ Գառնիկ Թորոսյանն ստացավ 202 միավոր։ Երեք թեկնածուն էլ անցողիկ շեմը հաղթահարեց։
Համլետ Ասատրյան, Մրցութային հանձնաժողովի նախագահ, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ - Խորհուրդը ներկայացնելու է կառավարություն, հետագան կախված է կառավարությունից:
Հաղթողներից մեկին գործադիրը կնշանակի Հակակոռուպցիոն իրավապահ կառույցի ղեկավար։