Լիբանանի նախագահ Միշել Աունը մի քանի փորձից հետո կարողացավ ձևավորել կառավարություն: Նոր կառավարության առաջին նիստը նախատեսված է սեպտեմբերի 13-ին: Այն կազմված է 24 նախարարից: Արդյունաբերության նախարարի պաշտոնը վստահվել է հայկական ծագմամբ Ճորճ Պուչիքեանին: 2020 թվականի Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո, որը խլեց ավելի քան 200 կյանք, Լիբանանում քաղաքական ճգնաժամն ավելի խորացավ: Երկրում ընթացող զանգվածային բողոքի ակցիաները դարձան կառավարության հրաժարականի պատճառ: Քաղաքական ճգնաժամի հաղթահարման համար 2021թ. հուլիսի 26-ին նախագահ Աունը նոր կառավարության ձևավորումը վստահեց նախկին վարչապետ Նաջիբ Միկատիին:
*****
Սեպտեմբերի 10-ին ավարտվել է «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունը: Նշված է «Գազպրոմի» հայտարարտության մեջ։ «Հյուսիսային հոսք 2» գազատարը կազմված է երկու ճյուղից։ Խողովակաշարի երկարությունը 1200 կմ է։ Այն Ռուսաստանի Ուստ-Լուգա նավահանգստից Բալթիկ ծովով հասնում է գերմանական Գրայֆսվալդ։ Գազատարի հզորությունը տարեկան 55 մլրդ խորանարդ մետր է:
*****
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաջորդ հինգշաբթի՝ սեպտեմբերի 16-ին, Փարիզում կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այդ ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում երկու երկրները պետք է քննարկեն Աֆղանստանի իրավիճակը և միջազգային մի շարք այլ հարցեր: «Զրույցը տեղի կունենա աշխատանքային ընթրիքի սեղանի շուրջ: Առանցքայինն Աֆղանստանն է, անդրադարձ կլինի նաև եվրոպական զարգացումներին»,- ասել է Գերմանիայի կառավարության մամլո խոսնակ Շտեֆան Զայբերտը: Սրանք Մերկելի վերջին հանդիպումներն են կանցլերի պաշտոնում: Նա հեռանում է քաղաքականությունից:
*****
Ռուսաստանի արտգործնախարարությունը մեծ զեկույց է պատրաստում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակին ընդառաջ: Զեկույցը ներկայացնելու է հայտարարության իրականացման ձեռքբերումները: Հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ըստ նրա՝ մինչև այդ նպատկահարմար չէ ինչ-որ արդյունքներ ներկայացնելը՝ միայն հիմնվելով հրադադարի ռեժիմի պահպանման գեղեցիկ թվերի վրա:
*****
Բաքվում ստեղծվել է հրամանատարության հատուկ խումբ, որն Ադրբեջանում ներկայացնելու է Թուրքիայի Զինված ուժերը: Հատուկ խմբում ներգրավված է 4 թուրք գեներալ, այն կգլխավորի Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ վարչության ղեկավար գեներալ-մայոր Բախտիյար Էրսայը: Միևնույն ժամանակ՝ փոխվել է նաև Բաքվում Թուրքիայի Զինված ուժերի ռազմական կցորդը: Այդ պաշտոնը հիմա զբաղեցնում է գեներալ Զաքարիա Յալչինը: Փորձագետներն այս փոփոխությունները պայմանավորում են Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ վերջին հռչակագրով:
*****
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը հեռախոսազրույց են ունեցել։ Նախագահները քննարկել են բոլոր ոլորտները, որտեղ երկրներն ունեն ընդհանուր շահեր կամ տարաձայնություններ: Նրանք պայմանավորվել են բաց և անմիջական քննարկել երկու խմբի հարցերն էլ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ղեկավարները համաձայնել են անել հնարավորը, որ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև մրցակցությունը չվերածվի հակամարտության և այդ ճանապարհին որոշել են խորացնել գործակցությունը:
*****
Մոսկվան չի մասնակցի Աֆղանստանում «Թալիբան» շարժման նոր կառավարության երդմնակալության արարողությանը։ Հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աֆղանստանի նոր կառավարության երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 11-ին՝ Միացյալ Նահանգներում ահաբեկչություններից ուղիղ 20 տարի հետո։
*****
Հյուսիսային Կորեայում զանգվածային տոնակատարություններով նշել են երկրի հիմնադրման 73-ամյակը: Մայրաքաղաք Փհենյանում աշխատավորները և ուսանողները շքերթով անցել են հրապարակներով և կենտրոնական փողոցներով: Անցած գիշեր Փհենյանում՝ Կիմ Իր Սենի հրապարակում, տեղի է ունեցել քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների զորահանդես, որին ներկա է եղել երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը: Նա հիմնադիր նախագահ Կիմ Իր Սենի թոռն է և երկրորդ նախագահ Կիմ Չեն Իրի որդին: Այս անգամ զորահանդեսին չեն բերվել միջմայրացամաքային հրթիռներ: Չի եղել նախագահի ուղերձ:
*****
Մոսկվայում հրաժեշտ են տվել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևին: Նախագահ Վլադիմիր Պուտինը, նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ևս մասնակցել են հրաժեշտի արարողությանը: Երեկ ՌԴ նախագահը Եվգենի Զինիչևին հետմահու շնորհել է Ռուսաստանի հերոսի կոչում: Զինիչևը մահացել է սեպտեմբերի 8-ին՝ Նորիլսկում ընթացող ԱԻՆ վարժանքի ժամանակ կինոռեժիսոր Ալեքսանդր Մելնիկի կյանքը փրկելիս: