Թուրքական մամուլում լայն տարածում է ստացել մի տեսանյութ, որում նախագահ Էրդողանը հարվածում է երեխայի գլխին: Միջադեպը տեղի է ունեցել Ռիզեյում գետնուղու բացման պաշտոնական արարողության ժամանակ, որին ներկա է եղել նաև Էրդողանը՝ հայտնում է Ermenihaber-ը:
Միջոցառմանը մասնակցել են նաև մի խումբ երեխաներ, որոնք Էրդողանի հետ կանգնել են տոնական ժապավենի մոտ՝ մկրատները ձեռքներին, որպեսզի միասին հանդիսավոր կերպով կտրեն ժապավենը: Սակայն երկար ելույթներից ու երկխոսություններից հոգնած մանկահասակ երեխաներից մեկն այլևս չի համբերել և առանց Էրդողանի հրահանգին սպասելու կտրել է ժապավենը։ Թուրքիայի նախագահը չի կարողացել զսպել բարկությունն ու կիսաբռունցքով մի քանի անգամ «թակել» է երեխայի գլխին։
Ավելի ուշ, հավանաբար գիտակցելով, որ այդ պահը չի վրիպել օպերատորների ուշադրությունից, Էրդողանը «ջերմորեն» ձեռքը դրել է նույն երեխայի գլխին։ Իշխանամետ մամուլը ակտիվորեն տարածել է հենց այդ հատվածը:
Միջադեպը թուրքական մամուլում մեծ իրարանցում է առաջացրել ոչ միայն երեխայի հանդեպ անթաքույց ագրեսիայի դրսևորման պատճառով: Առաջին անգամ բացման արարողությանը մասնակցած նախագահը զրկվել էր տոնական ժապավենն առաջինը կտրելու հնարավորությունից։