Եվս 7 սփյուռքահայ մասնագետ է աշխատանքի անցել ՀՀ կառավարությունում: Այս մասին տեղեկանում ենք Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
«Նրանք Հայաստան են ժամանել ՀՀ պետական համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրով և հարցազրույցների արդյունքում ընտրել իրենց նոր աշխատավայրերը: Մեր գրասենյակի «իԳործ» թիմը նրանց ուղեկցեց գերատեսչություններ:
Գասիա Սամուելյանը Լիբանանից և Ռուզաննա Գրիգորյանը Ռուսաստանից կաշխատեն նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնում:
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակում իր մեկամյա աշխատանքը կսկսի ռուսաստանահայ Մարիամ Մնացականյանը:
Լիբանանահայ Զեփյուր Չահրոզյանը դարձավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցը: Շվեյցարիայից Լիլիթ Հարությունյանը և Բելգիայից Նունե Հարությունյանը կաշխատեն Երևանի քաղաքապետարանում:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունում իր կարիերան կշարունակի Մարիա Հակոբյանը Շվեդիայից»,- ասված է գրասենյակի Ֆեյսբուքի գրառման մեջ: