ՌԴ ԱԳՆ-Ն ԶԵԿՈՒՅՑ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ռուսաստանի արտգործնախարարությունը մեծ զեկույց է պատրաստում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակին ընդառաջ: Զեկույցը ներկայացնելու է հայտարարության իրականացման ձեռքբերումները: Հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ըստ նրա՝ մինչև այդ նպատկահարմար չէ ինչ-որ արդյունքներ ներկայացնելը՝ միայն հիմնվելով հրադադարի ռեժիմի պահպանման գեղեցիկ թվերի վրա:
ՀԱՏՈՒԿ ԽՈՒՄԲԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԶՈՒ-Ն ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Բաքվում ստեղծվել է հրամանատարության հատուկ խումբ, որն Ադրբեջանում ներկայացնելու է Թուրքիայի զինված ուժերը: Հատուկ խմբում ներգրավված է 4 թուրք գեներալ, այն կգլխավորի Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ վարչության ղեկավար գեներալ-մայոր Բախտիյար Էրսայը: Միևնույն ժամանակ փոխվել է նաև Բաքվում Թուրքիայի Զինված ուժերի ռազմական կցորդը:
Այդ պաշտոնը հիմա զբաղեցնում է գեներալ Զաքարիա Յալչինը: Փորձագետներն այս փոփոխությունները պայմանավորում են Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ վերջին հռչակագրով:
ՌԴ-Ն ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԸ՝ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Երեկ Մոսկվայում Ռուսաստանի ու Բելառուսի նախագահների միջև 3.5 ժամ տևած բանակցություններից հետո Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկու երկրի միասնական պետության մասին փաստաթղթերի փաթեթը հնարավոր է ընդունվի արդեն հաջորդ ամիս: Վլադիմիր Պուտինն ու Լուկաշենկոն համաձայնեցրել են 28 ճանապարհային քարտեզ:
Իր հերթին, Ռուսաստանի նախագահը հայտարարել է Բելառուսին 640 միլիոն դոլար վարկ հատկացնելու մասին, որը կտրվի մինչև գալիք տարվա ավարտ։ Նա նաև նշել է, որ Բելառուսի համար ռուսական գազի գինը 2022 թ. կմնա նույնը, ինչ այս տարի, Բելառուսի հետ ստեղծվելու է բնական գազի միասնական շուկա, և չեղյալ են համարվում երկու երկրի միջև օդային ուղևորափոխադրումների սահմանափակումները։
Պուտինը չի բացառել նաև, որ ապագայում կարող է ստեղծվել Ռուսաստանի և Բելառուսի միութենական խորհրդարան:
ԱՄՆ-Ը ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿԽՈՐԱՑՆԵՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը հեռախոսազրույց են ունեցել։ Նախագահները քննարկել են բոլոր ոլորտները, որտեղ երկրներն ունեն ընդհանուր շահեր կամ տարաձայնություններ:
Նրանք պայմանավորվել են բաց և անմիջականորեն քննարկել երկու խմբի հարցերն էլ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նրանք համաձայնել են ամեն ինչ անել, որ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև մրցակցությունը չվերածվի հակամարտության, և այդ ճանապարհին խորացնել գործակցությունը:
ԹԱԼԻԲՆԵՐՆ ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ. ԱՀԱԶԱՆԳ
«Աֆղանստանի ազգային դիմադրության ճակատի» ներկայացուցիչ Ալի Նազարին հայտարարել է, որ «Թալիբան» շարժման ներկայացուցիչներն Էթնիկ զտումներ են իրականացնում Փանջշերի նահանգում, և կոչ են արել միջազգային հանրությանը՝ միջամտել:
Թալիբները հազարավոր մարդիկ են արտաքսել Փանջշերից: Նրանք Էթնիկ զտումներ են կատարում, և աշխարհը դեռ հիմա էլ տեսնում ու անտեսում է այդ իրադրությունը՝ Նազարին գրել Է Twitter-ում:
ՄԱԿ-ը պահանջում է ԱՄՆ-ից ապասառեցնել աֆղանական կառավարական բանկային հաշիվները: