Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Այս մասին հայտնում են Ֆինանսների նախարարությունից:
Խաչատրյանը դեսպանին է ներկայացրել Հայաստանի կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, ինչպես նաև՝ հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարությունը:
Դեսպան Կիշան Դան Դեվալը, շնորհավորելով նախարարին պաշտոնում նշանակման առթիվ, ներկայացրել է այն հիմնական հարցերի շրջանակը, որոնց ուղղությամբ առաջիկայում հնարավոր կլինի զարգացնել երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը։
Նա վստահություն է հայտնել, որ Հնդկաստանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը հնարավոր բոլոր ուղղություններով:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տնտեսական և բիզնես ներդրումների ներգրավման և այս ուղղությամբ երկու երկրների միջև փոխադարձ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարաբերությունների զարգացման, կայուն գործընկերային կապերի հաստատման վերաբերյալ հարցեր: