ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այսօր ընդունել է ամերիկացի պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր Նիք Վալլելոնգային:
Ողջունելով հյուրին՝ Արա Խզմալյանը ցանկություն է հայտնել, որ Հայաստանի համար այս բարդ շրջանում անվանի արվեստագետը տեսնի Հայաստանը լուսավոր կողմերով, բազմազանության մեջ, իսկ հայ մարդուն ճանաչի իր զվարթությամբ և կենսասիրությամբ:
Այնուհետև նախարարի տեղակալն անդրադարձել է հանդիպման առիթին, որի հիմքում Նիք Վալլելոնգայի հեղինակած «Սողոմոնի երգերը» ֆիլմն էր:
«Դուք հավանաբար գիտեք, որ Հայոց ցեղասպանության թեման հայ ժողովրդի պատմության ցավոտ և ողբերգական էջերից է: Վերջին տասնամյակներում շատ մեծ ջանքեր են գործադրվել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրն առաջ տանելու ուղղությամբ, և ես վստահեցնում եմ, որ դա միայն մեր վիշտն ու ողբերգությունն աշխարհին ներկայացնելու համար չէ, այլ կանխելու համանման երևույթների հավանականությունն առհասարակ: Ուզում եմ՝ իմանաք, որ մեծ գործով Ձեր ներդրումն ունեցաք այս կարևոր խնդրում: Դուք հիմա շարունակում եք մի կարևոր գործ՝ նպաստում, ջանքեր եք գործադրում «Սողոմոնի երգերը» ֆիլմի տարածման ուղղությամբ՝ այդ գործում, անշուշտ, հանդիպելով բազմաթիվ դժվարությունների: Ես վստահ եմ, որ այս ամենը Դուք անում եք ոչ թե ընդդեմ ինչ-որ մեկի, այլ՝ հանուն ինչ-որ բանի: Պատահական չէ, որ ես իմ խոսքը սկսեցի հայ մարդու զվարթության թեմայով, որովհետև Կոմիտասի պատկերը որքան էլ ասոցացվի Հայոց ցեղասպանության հետ, Վարդապետը եղել է շատ ուրախ, զվարթ, կատակաբան մարդ և գործիչ»,- ընդգծել է Արա Խզմալյանն ու իր խորին երախտագիտությունը հայտնել անվանի արվեստագետին:
Այնուհետև Արա Խզմալյանն ընթերցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանը՝ Նիք Վալլելոնգային պարգևատրելու մասին:
«Սողոմոնի երգերը» ֆիլմի ստեղծմանը և ֆիլմում բարձրացվող ցեղասպանության թեմայի տարածմանն աջակցելու համար ամերիկացի պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր Նիք Վալլելոնգան պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ոսկե մեդալով: «Ի երախտագիտություն Ձեր կատարած մեծ գործի»,- հանձնելով գերատեսչական պարգևը՝ նշել է Արա Խզմալյանը:
Նիք Վալլելոնգան էլ իր հերթին է խորին շնորհակալություն հայտնել և նշել, որ անչափ հպարտ է պարգևը ստանալու համար:
«Մինչև ֆիլմի ստեղծումը ես արդեն գիտեի Հայոց ցեղասպանության մասին, քանի որ Նյու Յորքում ապրող իմ մանկության մտերիմ ընկերը հայ է, և նա արդեն ծանոթացրել էր ինձ հայ ժողովրդի համար ողբերգական այս էջերին: «Սողոմոնի երգերը» ֆիլմը ստեղծել եմ, որպեսզի ամբողջ աշխարհում ճանաչելի լինի այս թեման»,- ասել է Նիք Վալլելոնգան՝ հավելելով, որ սա իր երկրորդ այցն է Հայաստան և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար:
Նշենք, որ հայ-ամերիկյան արտադրության ֆիլմը ստացել է նաև ՀՀ պետական աջակցություն:
Ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 10-ին: Տեղեկացնենք նաև, որ «ՓԻՓԼ ՕՖ ԱՐ» ընկերության կողմից նկարահանված «Սողոմոնի երգերը» ֆիլմը պատմական դրամա է, որը պատմում է 1881-1915 թթ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների, հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտաս վարդապետի մանկության տարիների ընկերության մասին, որն ընդհատվել է համիդյան ջարդերի պատճառով: