«Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունն ավարտված է: Այս մասին հայտնել է «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը: Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ առաջին գիծը նախատեսվում է գործարկել հոկտեմբերի 1-ին, երկրորդը կարող է պատրաստ լինել մինչև հունվար:
«Գազպրոմի» կանխատեսումների համաձայն՝ 2021 թվականին գազամուղով կարող է մատակարարվել 5,6 միլիարդ խորանարդ մետր գազ:
«Հյուսիսային հոսք 2»-ը գազատարի երկու գծերով նախատեսում է տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարել Ռուսաստանի ափերից՝ Բալթիկ ծովով մինչև Գերմանիա: Աշխատանքը դադարեցվել էր 2019-ի դեկտեմբերին, ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքի պատճառով: 2020 թվականի դեկտեմբերից գազատարի շինարարությունը վերսկսվել էր:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ «ոչինչ և ոչ ոք չի կարող միջամտել «Հյուսիսային հոսք 2»-ի շահագործմանը»,- հայտնում է RT-ն: Նրա համոզմամբ՝ գազի շուկայում առկա իրավիճակի կապակցությամբ ոչ ոք ուշադրություն չի դարձնի գազատարի ենթադրյալ վտանգի մասին հայտարարություններին: Պեսկովը միաժամանակ ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել գազի տարանցումն Ուկրաինայի տարածքով, եթե դա նպատակահարմար և շահութաբեր լինի:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հույս է հայտնել, որ «Հյուսիսային հոսք 2»-ը կդադարի լինել քաղաքական շահարկումների առարկա: Զախարովան վստահեցրել է, որ Մոսկվան ցանկանում է ռուսաստանյան էներգիայի աղբյուրը եվրոպացի սպառողներին հասցնել մոտ ժամանակներս: