«Թալիբան» շարժման ներկայացուցիչները խզել են կապերը Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժման (չինական ույղուրների ահաբեկչական կազմակերպություն) հետ և նրանց զինյալներին դուրս մղել Աֆղանստանից՝ Չինաստանի հետ բարեկամությունն ամրապնդվելու նպատակով: Այս մասին չինական Global Times թերթին տված հարցազրույցում ասել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը:
Նրա խոսքով՝ թալիբները ույղուր արմատականներին վտարել են, քանի որ «թույլ չեն տա Աֆղանստանն օգտագործել այլ երկրների, այդ թվում հարևանների» դեմ: «Մենք թույլ չենք տա ահաբեկիչներին զորավարժություններ անցկացնել մեր տարածքում, թույլ չենք տա միջոցներ ձեռք բերել արտաքին քաղաքական ծրագրեր իրականացնելու համար: Մենք թույլ չենք տա, որ Աֆղանստանը դառնա ահաբեկիչների հավաքագրման կենտրոն»,- ասել է Շահինը:
Պեկինը բազմիցս դիմել էր «Թալիբանին»՝ խնդրելով խզել կապերը Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժման հետ՝ Չինաստանի աջակցության դիմաց: Արտգործնախարար Վան Յին դեռ հուլիսին կոչ էր արել թալիբներին՝ խուսափել ույղուրների հետ համագործակցությունից:
ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Գեն Շուանն էլ միջազգային հանրությանը կոչ է արել Աֆղանստանի նոր իշխանություններին թույլ տալ մուտք գործել երկրի սառեցված արտաքին ակտիվներ: Հայտարարությունը նա արել է ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի նիստում՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Շուանը շեշտել է, որ այդ միջոցները պատկանում են Աֆղանստանին և պետք է օգտագործվեն երկրի բարօրության համար: Դիվանագետը նաև նշել է, որ միջազգային ակտիվները չպետք է օգտագործվեն օտարերկրյա պետությունների կողմից որպես սպառնալիքների, ճնշումների կամ զսպման լծակներ:
Օգոստոսի կեսերին ԱՄՆ-ը սառեցրեց Աֆղանստանի ակտիվները, հետագայում Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը և Եվրամիությունը միացան տնտեսական շրջափակմանը, ինչպես նաև դադարեցրին իսլամական հանրապետությունում նախագծերի ֆինանսավորումը: