Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 10-ին Էջմիածնում մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցած՝ «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով համաժողովին։
Դավիթ Բաբայանը ներկայացրել է Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, գրավված տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող հարցեր։
Նախարարն ընդգծել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը և Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան չի կարող դիտարկվել որպես միջկրոնական բախում՝ շեշտելով, որ ահաբեկիչներն ու ծայրահեղականները չեն պատկանում որևէ կրոնի։
Այս համատեքստում ԱԳ նախարարն արժևորել է միջկրոնական երկխոսությունը՝ այն դիտարկելով որպես հակամարտությունների խաղաղ կարգավորման, ծայրահեղականության և այլատյացության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկը, բարձր գնահատել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայ առաքելական եկեղեցու դերը այս գործընթացում։