2021 թվականի հունվար-հուլիսին Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2.1 տոկոսով: Գումարային արտահայտությամբ այն 1 տրլն 225 մլրդ 726 մլն դրամ է: Իսկ միայն հուլիսին՝ նախորդ հուլիսի համեմատ աճել է 1.7 տոկոս:
Արդյունաբերության կառուցվածքում ամենամեծ ծավալն ապահովել է մշակող արդյունաբերությունը՝ 705 մլրդ 707 մլն դրամ, չնայած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն 1.1 տոկոս անկում էր արձանագրել: Մշակող արդյունաբերության մեջ առաջատար դեր ունեն՝ սննդամթերքի արտադրությունը՝ 248 մլրդ 845 մլն, խմիչքինը՝ 102 մլրդ 127 մլն, հիմնային մետաղներինը՝ 94 մլրդ 163 մլն և ծխախոտինը՝ 70 մլրդ 72 մլն դրամ:
Ենթաոլորտներից տոկոսային առումով ամենամեծ աճն արձանագրվել է մանածագործական արտադրանքի ծավալներում՝ 246.9 տոկոս, ինչը դրամային արտահայտությամբ 1 մլրդ 39 մլն է:
Արտադրության ծավալներով երկրորդը՝ հանքագործական արդյունաբերությունն է, որտեղ հունվար-հուլիսին 7.3 տոկոս աճ է արձանագրվել՝ 347 մլրդ 684 մլն դրամ: Այստեղ առյուծի բաժինը մետաղական հանքաքարի արդյունահանմանն է՝ 338 մլրդ 625 մլն դրամ:
Էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ենթաոլորտում արտադրության ծավալներն աճել են 9.1 տոկոսով՝ կազմելով՝ 159 մլրդ 347 մլն դրամ:
Արդյունաբերության մեջ ամենափոքր կշիռն ունի՝ ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման արտադրությունը, որը աճել է 7.2 տոկոսով՝ կազմելով՝ 12 մլրդ 988 մլն դրամ:
Ընդհանուր առմամբ հունվար-հուլիսին արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն ըստ ճյուղերի ունի հետևյալ պատկերը՝ 57.6 տոկոսը բաժին է ընկնում մշակող արդյունաբերությանը, 28.4 տոկոսը հանքարդյունաբերությանը, 13 տոկոսը էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարմանը և 1 տոկոսը ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարմանը և վերամշակմանը:
Նախորդ տարվա հունվար-հուլիսին ևս արդյունաբերության ոլորտում աճ էր արձանագրվել և ըստ էության այս տարվա 7 ամսվա ընթացքում արձանագրված աճը՝ հենց եղած աճի նկատմամբ է գրանցվել:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան