Կորոնավիրուսի բռնկման էվոլյուցիայի հետազոտությունը ցույց տվեց, որ Հայաստանում համավարակի գերակշռող շտամը դելտան է: Ուսումնասիրած նմուշներում դելտան նկատվեց հունիսին, բայց այդ ընթացքում ակտիվ տարածվողը դեռ քովիդի բրիտանական տարբերակն էր:
Արսեն Առաքելյան (Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն) - Պատահական են, այն նմուշներն են, որ օրվա կտրվածքով հետազոտվում են ՊՇՌ թեստով Հիվանդությունների կանխարգելման կենտրոնում, և դրանցից դրականները, առանց ուսումնասիրության սեռերի և այլն, և այլն, կուրորեն տրամադրվում են մեզ: Պատահական ընտրանքներն են, որ արտացոլում էր ընդհանուր պատկերը:
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում հետևում են վիրուսի փոփոխություններին: Հետազոտություններն արվում են Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի և Հայ-ռուսական սլավոնական համալսարանի հետ:
Արսեն Առաքելյան - Վիրուսը, վարակելով մարդուց մարդուն, այդ ընթացքում կուտակում է տարբեր մուտացիաներ, շրջանառության մեջ մնում են այն մուտացիաները, որոնք վիրուսային տարբերակին տալիս են առավելություն ավելի էֆեկտիվ կրկնապատկվելու, բազմանալու, որոնք բերում են ավելի մեծ վարակելիությանը, իմունային պատասխանից խուսափելու որոշակի մեխանիզմների ձևավորմանը:
Վիրուսի մուտացիաներն ուսումնասիրելուց բացի, ինստիտուտի գիտաշխատողները միջազգային գործընկերների հետ իրականացնում են հետազոտություններ, որոնց արդյունքը կարող է օգտագործվել՝ որպես համավարակի դեմ պայքարի դեղամիջոց: Հիմնարար հետազոտությունը սկզբնական փուլում է:
Արսեն Առաքելյան - Գիտության կոմիտե ներկայացված ծրագրով վիրուսաբանության և բջջային կենսաբանության լաբորատորիան ստացավ դրամաշնորհ՝ համատեղ հայ-բելառուսական հետազոտությունների, որտեղ համակարգչային մոդելավորման մեթոդներով մշակվելու են քիմիական միացություններ, որոնք կարող են ազդել կորոնավիրուսի վրա, թեստավորվելու են, որ հասկանանք դրանց արդյունավետությունը:
Ուսումնասիրում են նաև կորոնավիրուսով վարակվելու դեպքում արյան բջիջների կազմի փոփոխությունը: Հետազոտության նպատակն է պատասխանել հաճախ հնչող հարցին, թե արդյոք քովիդով վարակվածներն ունե՞ն թրոմբների առաջացման հակում, և թե վիրուսն ինչպե՛ս է ազդում արյունաստեղծ համակարգի վրա:
Արսեն Առաքելյան - Հետազոտությունն ավարտվել է, ստացել ենք հետաքրքիր արդյունքներ հեմոգլոբինի տեսակների փոփոխության մասով, ոչ բոլոր պացիենտների մոտ: Մոտավորապես հետազոտվածների 10 տոկոսի մոտ ենք նկատել հեմոգլոբինի մի տեսակից այլ տեսակի փոփոխությունը:
Տվյալներն ամփոփելուց հետո կպարզվի՝ փոփոխությունները որքանով են կապված հիվանդության ընթացքի, ծանրության հետ: Քովիդի թեմայով ևս մեկ հարցի պատասխան կստանան մեկ այլ հետազոտության ավարտից հետո՝ արդյոք գենետիկ մակարդակում հնարավո՞ր է կանխատեսել հիվանդության ընթացքը: