Արցախի Հանրապետության օկուպացված Քաշաթաղի շրջանում շարունակվում են ադրբեջանաթուրքական զորավարժանքները: Դրանց մասին տեղեկությունը սակավ է: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում նշված է, որ զորավարժանքների հիմնական նպատակը ռազմական օպերացիաների ժամանակ ստորաբաժանումների կառավարման համագործակցության կատարելագործումն է: Հատուկ ուշադրություն է դարձվելու ժամանակակից ռազմատեխնիկայի օգտագործմանը՝ բարդ ռելիեֆի պայմաններում:
Քաշաթաղի շրջանում՝ Լաչինի միջանցքի հարևանությամբ, զորավարժանքներ անցկացնելու Բաքվի որոշմանն արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Վահան Հունանյան, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար - Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում զորավարժության անցկացումը գնահատվում է որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն, որը չի համապատասխանում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և խաթարում է տարածաշրջանում տևական խաղաղություն, անվտանգություն և կայունություն հաստատելու ջանքերը:
Բաքվի գործողությունները սադրիչ են որակում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները: Ստեփանակերտում դրանք ընկալում են իբրև սպառնալիք:
Լուսինե Ավանեսյան, Արցախի նախագահի մամուլի քարտուղար - Մենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններին Արցախի օկուպացված տարածքներում: Մենք սա դիտարկում ենք որպես նոր մարտահրավերներ, և հաշվի ենք առնում այս նոր իրողությունները՝ մեր քաղաքականությունը կառուցելիս:
Բաքուն և Անկարան առաջին անգամ են անցկացնում համատեղ զորավարժություններ Ղարաբաղյան հակամարտության գոտում: Դրանք ավարտվելու են սեպտեմբերի 10-ին: Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն ընդգծում է, որ քայլը սադրանք է, այդ թվում՝ նաև խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական կողմի նկատմամբ:
Կարեն Հովհաննիսյան, ռազմական փորձագետ - Ռուսաստանն է վերջիվերջո իրականացնում խաղաղապահ գործունեություն: Այս ամենի ֆոնին, երբ տարածաշրջանում խոսում են խաղաղության մասին, տեղի է ունենում պաշտոնական զորավարժանքներ:
Հատկանշական է, որ Քաշաթաղի շրջանի զորավարժանքները միակը չեն: Զուգահեռ՝ Ադրբեջանի տարածքում անցկացվում են զորավարժություններ Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի զինված ուժերի մասնակցությամբ: