Փարիզում սկսվել է այն անձանց դատը, որոնք մեղադրվում են Ֆրանսիայի հետպատերազմյան պատմության ընթացքում ամենահրեշավոր ահաբեկչական հարձակման նախապատրաստման և իրականացման համար: Գործընթացը տեղի է ունենում Փարիզի արդարադատության պալատում: Մեղադրյալի աթոռին է հայտնվել Սալահ Աբդեսլամը՝ 20 կասկածյալներից միակը, որը ողջ էր մնացել, ու ևս 13-ը, որոնք մեղադրվում են ահաբեկչություն նախապատրաստելու համար: Վեց ամբաստանյալ դեռ փախուստի մեջ են, նրանց դատելու են հեռակա կարգով՝ գրում է France24-ը:
Ահաբեկչական հարձակումները Փարիզում սկսվեցին 2015 թվականի նոյեմբերի 13-ին: Երեկոյան ժամը 10-ին նախ պայթյուններ որոտացին «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ: Այնուհետև ահաբեկիչները սկսեցին կրակել շրջակա բարերի, սրճարանների և ռեստորանների այցելուների վրա:
Դրանից հետո ևս երկու պայթյուն որոտաց մարզադաշտում, ապա պայթյուն տեղի ունեցավ Վոլտեր բուլվարում՝ «Բատակլան» համերգասրահի մոտ:
Հենց «Բատակլանում» էլ ամենաշատ զոհերն են եղել: Այդ երեկո այնտեղ համերգ էր տալիս ամերիկյան Eagles of Death Metal ռոք խումբը, և դահլիճում դատարկ տեղեր չկային: Զինված ահաբեկիչը կրակել է հանդիսատեսի վրա: Ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվեց 130, վիրավորվեց 400-ից ավելի մարդ:
Հաջորդ օրը Իսլամական պետություն ահաբեկչալկան խմբավորումը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը և հայտարարեց, որ այդ հարձակումներով պատասխանել է Ֆրանսիայի մասնակցությանը Սիրիայում և Իրաքում իրենց դիրքերի ռմբակոծություններին:
Գործի քննության շրջանակներում դատարան կներկայանա 1800 հայցվոր, 330 փաստաբան, 20 մեղադրյալ, նիստերը կլուսաբանեն 140 հավատարմագրված լրատվամիջոցներ:
Ենթադրվում է, որ դատավարությունը, որը պետք է սկսվեր 2021 թվականի հունվարին, սակայն հետաձգվեց կորոնավիրուսային համաճարակի պատճառով, կտևի առնվազն 145 օր՝ մինչև 2022 թվականի մայիսը: