Կարմիր գորգ, պատվո պահակախումբ` վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցն է Վրաստանի հանրապետություն: Արդեն Վրաստանի կառավարության շենքում վարչապետ Փաշինյանին դիմավորում է գործընկերը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Ողջույնի արարողությունից անմիջապես հետո երկու երկրների վարչապետների առանձնազրույցն է, որը մեկնարկում է Իրակլի Ղարիբաշվիլի շնորհավորանքով՝ խորհրդարանի ընտրություններում Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժի համոզիչ հաղթանակի առիթով: Մեծ պատիվ ու հաճույք է այցելել եղբայրական Վրաստան՝ գործընկերոջ խոսքը շարունակում է Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Սա լավ առիթ է՝ նախ շփվելու ընկերների և բարեկամների հետ, և երկրորդ՝ քննարկելու մեր երկկողմ հարաբերությունների հարցեր, տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների հարցեր։ Ուրախ եմ, որ մեր կառավարությունների միջև բավական արդյունավետ համագործակցություն է հաստատվել, և համոզված եմ, որ մեր այս հանդիպման արդյունքում այդ համագործակցությունն ավելի արդյունավետ և սերտ կդառնա։
Առանձնազրույցին հաջորդում է ընդլայնված կազմով հանդիպումը, ապա արդեն Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին լրատվամիջոցներին ամփոփ ներկայացնում են քննարկված օրակարգային հարցերից կարևորները:
Իրակլի Ղարիբաշվիլի, Վրաստանի վարչապետ - Ծանոթացա վարչապետ Փաշինյանի տեսլականին, որը միայն իր երկրի զարգացման ու հայ ժողովրդի բարեկեցության հետ է կապված: Իհարկե, Ղարաբաղյան պատերազմը մեր տարածաշրջանի համար բարդ մարտահրավեր էր, բայց հավատում եմ, որ տվյալ մարտահրավերը կվերածվի նոր հնարավորության, բարեկեցություն կբերի Հայաստանին և հայ ժողովրդին:
Հայաստանի և՛ տնտեսական, և՛ քաղաքական կայությունը կարևոր է Վրաստանի համար՝ ընդգծում է Իրակլի Ղարիբաշվիլին: Տարածաշրջանային գլխավոր նպատակն այսօր խաղաղությունը, կայունությունն ու բարեկեցություն է: Վրաստանը տարածաշրջանում հանդես է գալիս խաղաղության դիրքերից՝ նշում է Ղարիբաշվիլին՝ վերջին օրինակ բերելով հունիսին 15 հայ գերու վերադարձը:
Իրակլի Ղարիբաշվիլի - Ես վարչապետին ևս մեկ անգամ հավաստեցի իմ պատրաստակամությունը՝ Վրաստանը կշարունակի միջնորդի դերը, որպեսզի վերականգնվի վստահությունը, որը շատ կարևոր է և հիմքերի հիմքն է մեր գործակցության։ Պատրաստ ենք քննարկել նոր գաղափարներ, նոր նախագծեր։
Փաշինյանը շարունակում է գործընկերոջ միտքը՝ տարածաշրջանում դեռ շատ հարցեր կան չլուծված, սակայն, պետք է այնպես անել, որ ռիսկերը կառավարելի լինեն: Հայաստանի վարչապետի խոսքով՝ քննարկման մեծ մասը նվիրված է եղել տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգին: Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում գործընկերոջը՝ գերիների վերադարձի գործում մեծ դերակատարում ունենալու համար:
Նիկոլ Փաշինյան - Այդ օրերին երևի մենք մի քանի տասնյակ անգամ իրար հետ հեռախոսով խոսել ենք: Ես նույնիսկ հումորով ասում եմ՝ այդ ժամանակ նախընտրական ժամանակաշրջան էր, այդ 2 օրվա ընթացքում ես ավելի շատ Վրաստանի վարչապետի հետ էի շփվում, քան մեր ընտրողների: Կարծում եմ, որ այդ 2 օրը շատ կարևոր էր մեր անձնական փոխգործակցության նոր մակարդակ ձևավորելու գործում, և այդ օրերին ձևավորված մթնոլորտը շատ լավ հենք է, որ մեր երկրների և կառավարությունների հարաբերություններն ավելի արդյունավետ և սերտ տրամաբանություն ունենան:
Վարչապետները քննարկել են նաև տնտեսության, առևտրի, տրանսպորտի, զբոսաշրջության, էներգետիկայի, մշակույթի, կրթության ոլորտներում գործակցության հեռանկարները: Պայմանավորվածություն կա կրկին ակտիվացնել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը:
Նիկոլ Փաշինյան - Ես վարչապետ Ղարիբաշվիլիին ներկայացրեցի կառավարության ծրագրում տեղ գտած տարածաշրջանային թեմաների և տարածաշրջանային լուծումների վերաբերյալ, այն առաջարկությունների և պատկերացումների վերաբերյալ, որոնց մասին մենք հայտարարել ենք և կարծում եմ, որ այստեղ էլ նոր հնարավորություններ կան, որոնց օգտագործումը, կիրառումը դեռևս փաստ չէ, բայց մենք խոսում էինք նրա մասին, որ պետք է ջանք գործադրել այդ հնարավորություններն օգտագործելու համար: Այո՛, մենք քննարկեցինք նաև տարանցման այն հնարավորությունները, որ գոյություն ունեն, ընդ որում՝ խոսքը գնում է ոչ թե առանձին վերցրած Հայաստանի և Վրաստանի տարանցման հնարավորությունների մասին, մենք քննարկել ենք, թե ինչ կարող ենք անել, որպեսզի փոխադարձաբար միմյանց պոտենցիալն ավելի մեծանա և այդ առումով հիմա իրականացվում են նախագծեր էներգետիկայի ոլորտում, տրանսպորտային հաղորդակցության ոլորտում նույնպես: Մենք քննարկում ենք ծրագրեր և հույս ունեմ, որ հնարավոր տարբերակներից մենք կգտնենք ամենաարդյունավետ տարբերակը:
Վարչապետ Փաշինյանն ընդգծում է՝ համագործակցության օրակարգը շատ լայն է և պետք է կենտրոնանալ արդյունքների վրա: Քաղաքական այս բարձր մակարդակի երկխոսությունը պետք է կոնկրետ թվերով արտահայտվի՝ տնտեսության տարբեր ոլորտներում:
Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո ուղևորվել է Թբիլիսիի հերոսների հրապարակ՝ հարգանքի տուրք մատուցելու: Հաջորդիվ կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հանդիպումը։ Երկօրյա պաշտոնական այցի երկրորդ օրը Նիկոլ Փաշինյանը կլինի նաև Բաթումիում: