Սևանի այս տարվա լողափնյա սեզոնը փակված է: Նախորդ տարիների նման լիճը համատարած չկանաչեց, կապտականաչ ջրիմուռներ երևացին տեղային՝ փոքր հատվածներում:
Բարդուխ Գաբրիելյան (ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն) - Տեղ-տեղ ծաղկում եղել է, ինչն ընդհանրապես նախորդ տարիներին միշտ էլ եղել է:
Ջրի գերտաքացում, աղտոտված ջրերի մուտքը լիճ. արդեն մի քանի տարի է՝ մասնագետներն ուսումնասիրում են Սևանի համատարած ծաղկման պատճառը: Կապտականաչ ջրիմուռների հայտնվելու ու անհետանալու պատճառները տարբեր են. գիտնականը կարծում է, որ լճի մակարդակի բարձրացումն էապես կլուծի խնդիրը:
Բարդուխ Գաբրիելյան - Մենք հուսով ենք, որ եթե այս տարի էլ ունենանք դրական բալանս, այսինքն՝ այս տարի էլ ունենանք դրական բարձրացում՝ իջեցման փոխարեն, ապա մյուս տարի էլ կխուսափենք ծաղկումից:
Զուգահեռ հարկավոր է շարունակել ափամերձ տարածքների մաքրումն ու կանխել չմաքրված կոյաջրերի մուտքը լիճ: Մասնագետը բացառում է տեսակետը, թե ջրիմուռները կարող են ձկան կեր դառնալ:
Բարդուխ Գաբրիելյան - Բացառվում է, որ ինչ-որ ձուկ՝ կողակ լինի, սիգ լինի, իշխան լինի, կարող է սնվել տոքսիկ ջրիմուռներով:
Նույնիսկ ոռոգման շրջանի 15 օր շուտ սկսելը և ժամկետից շուտ ջրի բացթողումը չհանգեցրեց լճի համատարած ծաղկմանը: Մայիսի 25-ին Սևանի մակարդակը 13 սանտիմետրով բարձր էր նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նիշից:
Շրջակա միջավայրի նախարարը վստահ է, թեև երաշտով պայմանավորված ևս 75 միլիոն խորանարդ մետր ջուր վերցնելու հնարավորություն ունեն, սակայն այդքանն էլ չեն օգտագործի:
Ռոմանոս Պետրոսյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարար) - Լիահույս եմ, որ 40-50 միլիոն ջրառից չենք անցնի, թեև մինչև 75 միլիոնի օրենքով սահմանված նիշ ունենք:
Օգոստոսի 18-ից մինչև այժմ արդեն Սևանից վերցրել են 39 միլիոն խորանարդ մետր ջուր: Հավելյալ ջրառի քանակը, ըստ նախարարի, էապես չի ազդի Սևանի մակարդակի վրա: Ոռոգման սեզոնը մոտենում է ավարտին: