«Հեծանիվը որպես շրջակա միջավայրը աղտոտվածությունից զերծ պահելու միջոց» գաղափարը քարոզելով, Սևանի երկայնքով սեպտեմբերի 19-ին կմեկնարկի Վարչապետի գավաթ սիրողական հեծանվավազքի մրցաշարը: Միջոցառումը հնարավորություն կտա մասսայականացնել հեծանվային սպորտն ու առողջ ապրելակերպ քարոզել:
Սերգեյ Աբրահամյան (ԿԳՄՍՆ ֆիզիկական դաստիարակության և զանգվածային սպորտի բաժնի պետ) - Մրցաշարը նախատեսվում է իրականացնել Սևանի երկայնքով: Որոշվեց ընտրել 40 կմ դիստանցա, որի մեկնարկը կլինի Շորժայից կայարանի մերձակայքում ու կավարտվի Սևանի թերակղզում՝ մուտքի մոտ:
Մրցաշարը կանցկացվի երկու տարիքային խմբով` առաջին տարիքային խմբում՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ, իսկ երկրորդ տարիքային խմբում՝ 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ։ Կլինի 80 մրցանակակիր՝ 1-ին տեղ զբաղեցրած մասնակիցները կստանան 1 մլն-ական դրամ, 2-րդ տեղ գրավածները՝ 600 հազար, 3-րդը՝ 400 հազար, 4-րդը՝ 150 հազար, 5-րդը՝ 100 հազար, 6-10-րդ տեղերը՝ 75 հազար, իսկ 11-20-րդ տեղերը՝ յուրաքանչյուրը 50 հազար դրամ։
Սերգեյ Աբրահամյան - Դրամական մրցանակներ կարող են ստանալ միայն Հայաստանի քաղաքացիները, իսկ քաղաքացի չհանդիսացողները կարող են մասնակցել ու ստանալ հավաստագրեր:
Նախարարությունից հորդորում են՝ հեծանվավազքի մրցաշարին մասնակցելու համար պետք է շտապել՝ հայտերի ընդունմանը հաշված օրեր են մնացել, մի քանի տասնյակ դիմումներ արդեն կան, բայց, կազմակերպիչների խոսքով, այն մի քանի 100-ի է հասնելու:
Սերգեյ Աբրահամյան - Կարող են ուղարկել նախնական հայտ (հայտի ձևը կայքում դրված է), կից՝ պոլիկլինիկայից քաղվածք առողջության մասին ու անձնագրի պատճենը: Պարտադիր պայման է, որ մասնակիցը վերջին 3 տարիներին մասնակցած չլինի Հայաստանի առաջնություններին հեծանվասպորտից:
ԿԳՄՍ նախարարության ֆիզիկական դաստիարակության և զանգվածային սպորտի բաժնից տեղեկացնում են՝ մրցարշավին մեքենայով կարելի է մոտենալ մինչև ժամը 11-ը, այնուհետև ճանապարհային երթևեկը փակ կլինի: Մյուս դեպքերում նախարարությունը հոգում է մասնակիցների տեղաշարժը:
Սերգեյ Աբրահամյան - Ամսի 19-ի առավոտյան ժամը 7:45-ից սկսած մեզ կտրամադրեն գնացք, որպեսզի հեծանվորդները հեծանիվների հետ կարողանան տեղափոխվել Շորժայի կայարան: Գնացքը Երևանից կմեկնի «Սասունցի Դավիթ» կայարանից:
Ի դեպ, ամեն տարի նախատեսվում է անցկացնել նմանատիպ չորս ոչ պրոֆեսիոնալ մրցաշար: Հաջորդիվ՝ վազք, սեղանի թենիս և լող։