Չինաստանի իշխանությունները Աֆղանստանին 200 մլն յուանի (մոտ 30 մլն դոլար) օգնություն կտրամադրեն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Յին՝ Իրանի, Պակիստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի արտգործնախարարների հետ առցանց հանդիպման ժամանակ՝ տեղեկացնում է ТАСС-ը:
Վան Յին նշել է, որ միջոցները կուղղվեն սննդամթերքի, դեղորայքի և պատվաստումների ձեռքբերմանը: «Չինաստանը կօգնի Աֆղանստանին վերակառուցել և իրականացնել նախագծեր, որոնք ուղղված են մարդկանց բարեկեցության բարելավմանը»,- հավելել է դիվանագետը:
Չինաստանի արտգործնախարարն ասել է, որ Պեկինը պատրաստ է երկխոսության «Թալիբանի» ձևավորած նոր կառավարության հետ: Ավելի վաղ էլ թալիբներն էին հայտարարել, որ Չինաստանին համարում են իրենց պետության՝ Աֆղանստանի իսլամական էմիրության գլխավոր գործընկերը:
Մեկ այլ տեղեկության համաձայն՝ թալիբները հերքել են Բաղրամում ԱՄՆ ռազմաբազան Չինաստանին հանձնելու մասին լուրը:
Հնդկական Pioneer թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտարարել էր, որ թալիբները կարող են Աֆղանստանի Բաղրամ ավիաբազան տրամադրել Չինաստանին, Պակիստանին էլ թույլ տալ օգտագործել Քանդահարի օդանավակայանը օպերատիվ նպատակների համար: Թերթի աղբյուրները նշել են նաև, որ Պակիստանի ռազմաօդային ուժերի մասնագետները ներկայումս ստուգումներ են անցկացնում Աֆղանստանի բոլոր հինգ ավիաբազաներում, այդ թվում ՝ Քանդահարի, Բաղրամի և Քաբուլի օդանավակայաններում: