Վիեննայում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Տոմաշ Գրոձկիին: Հանդիպմանը կողմերը կարևորեցին հայ-լեհական երկարամյա բարեկամական հարաբերությունները:
Զրույցի ընթացքում արձանագրվել է, որ խորհրդարանական ձևաչափով սերտ համագործակցությունն իր կարևոր դերն ունի հայ-լեհական միջպետական հարաբերությունների օրակարգը հարստացնելու և առկա բարեկամական կապերը խորացնելու գործում:
Ալեն Սիմոնյանը լեհ գործընկերոջը տեղեկացրել է, որ Հայաստանն իր գործընկերներից ակնկալում է աջակցություն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով խաղաղ և երկարատև կարգավորելու գործում, ինչպես նաև քաղաքական ճնշում Ադրբեջանի վրա՝ անհապաղ ազատ արձակելու ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:
Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Տոմաշ Գրոձկին ի պատասխան նշել է, որ Լեհաստանի դիրքորոշումն ի սկզբանե եղել է այն, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ առանց զոհերի: Նա շեշտել է, որ ստեղծված իրավիճակը պետք է կարգավորվի հնարավորինս շուտ, և Ադրբեջանի կողմից պահվող բոլոր անձինք պետք է անմիջապես ազատ արձակվեն:
ՀՀ ԱԺ նախագահը հրավիրել է գործընկերոջը պաշտոնական այց կատարելու Հայաստան, որի ընթացքում կուղենշվեն հետագա համագործակցության ձևաչափերը: