Կորոնավիրուսային հիվանդության դեմ չպատվաստված քաղաքացիները հոկտեմբերի 1-ից երկու շաբաթը մեկ անգամ պետք է ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնեն գործատուին, այլապես գործատուն պարտավոր է լինելու արգելել նրա մուտքը աշխատավայր:
Անահիտ Ավանեսյան, ՀՀ առողջապահության նախարար - Բացառություն են կազմելու այն անձինք, որոնք պատվաստված են, հղի են կամ ունեն հստակ բժշկական հակացուցում պատվաստման դեմ:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը մանրամասնում է, թե որոնք են պատվաստումների հակացուցումները: Դրանք սուր հիվանդություններն են: Այսինքն, եթե անձն ունի վարակիչ հիվանդություն կամ էլ նրա քրոնիկ հիվանդությունը սրացման փուլում է: Սա համարվում է ժամանակավոր հակացուցում, անձը կարող է պատվաստվել, եթե հիվանդության սրացման փուլն անցել է և նա վերադարձել է սովարական առօրյային: Քաղցկեղը ևս պատվաստման հակացուցում չէ:
Պատվաստանյութի բաղադրիչների նկատմամբ ալերգիա ունենալու կամ դա բացառելու համար որևէ հետազոտություն հարկավոր չէ: Հակացուցումների վերաբերյալ տեղեկանքը պետք է տրամադրի առողջության պահպանման առաջնային օղակը:
Անդրադառնալով տարածված այն կարծիքներին, թե պատվաստվելու կամ ՊՇՌ հետազոտության փոխարեն կարելի է հակամարմինների քանակը որոշել կամ վարակը հերքել այլ հետազոտություններով, որոնք շատ ավելի մատչելի են, Սվետլանա Գրիգորյանը նշում է, որ չպատվաստված անձինք գործատուին կարող են ներկայացնել միայն ՊՇՌ թեստի պատասխան, քանի որ դա է համարվում հավաստի:
Սվետլանա Գրիգորյանի խոսքով՝ պետք է նկատի ունենալ, որ պատվաստումները, բացի հակամարմիններ առաջացնելուց, նպաստում են նաև բջջային իմունիտետի առաջացմանը, իմուն հիշողության բջիջների ձևավորվամը և, հակամարմինների այս կամ այն քանակությունը դեռ ցուցանիշ չէ, որ տվյալ անձը պաշտպանված է: