Աֆղանստանցի կանայք չեն հավատում թալիբների հավաստիացումներին՝ իրենց իրավունքները հարգելու վերաբերյալ՝ հայտնում է РИА Новости-ն:
«Թալիբանի» ձևավորած նոր կառավարության կազմի հրապարակումից հետո Աֆղանստանի կանայք դարձյալ բողոքի երթ են անցկացրել՝ պահանջելով քաղաքական իրավունքներ, հնարավորություն՝ մասնակցելու երկրի կառավարմանը: Ցույցը տեղի է ունեցել մայրաքաղաք Քաբուլում: Ակցիայի մասնակիցները կրել են պաստառներ Գոր նահանգի բանտի աշխատակցուհի Նեգար Մասումիի պատկերով, որին թալիբները սպանել են:
Ըստ տեղեկությունների՝ ցուցարարների նկատմամբ ուժ է կիրառվել, կանանց ծեծել են փայտերով: Միջադեպը լուսաբանող մի շարք լրագրողներ բերման են ենթարկվել, սակայն շուտով ազատ արձակվել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թալիբները ցանկանում են արգելել կանանց զբաղվել սպորտի որոշ տեսակներով, հատկապես կրիկետով, պատճառաբանելով, որ խաղի ժամանակ կարող են բացվել նրանց դեմքն ու մարմնի մասերը: Իսկ իսլամը դա արգելում է:
Քանի որ թալիբների օրենքով արգելվում է երաժշտությունը, վտանգվում է նաև Աֆղանստանի երաժիշտ կանանց ճակատագիրը:
Երբ օգոստոսի 15-ին «Թալիբանի» զինյալները մտան Քաբուլ, Աֆղանստանի կանանց առաջին նվագախումբը փորձեր էր անում և պատրաստվում էր միջազգային շրջագայության:
Նվագախմբի անդամները Քաբուլի մանկատան՝ 13-ից 20 տարեկան աղջիկներ էին, որոնք նվագում էին աֆղանական ավանդական երաժշտություն և արևմտյան դասականների գործեր: Նրանց մեծ մասը ստիպված ջարդել է երաժշտական գործիքներն ու թաքնվում է, մի քանիսը փախել է երկրից: