ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում անդրադարձավ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ Թուրքիայի նախագահի հայտարարություններին:
«Թուրքիայի նախագահը Հայաստանի հետ հարաբերությունների հարցին հրապարակային անդրադարձ է կատարել: Այդ հայտարարություններում մենք տեսնում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն: Մենք պատրաստ ենք նման խոսակցության, որը վերը նկարագրվածի ֆոնին կարող է ավելի լայն համատեքստ ստանալ:
Մեծ հաշվով, խոսքը մեր տարածաշրջանը արևելքը արևմուտքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս գործընթացին ակտիվորեն աջակցելու հրապարակային պատրաստակամություն է ցուցաբերել Ռուսաստանի Դաշնությունը:
Եվրամիությունը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները նույնպես հետաքրքրված են այս գործընթացով, իսկ Չինաստանի և Հնդկաստանի շահագրգռվածությունը կոմունիկացիոն նախագծերի զարգացման ուղղությամբ հայտնի է»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց, որ տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունը ՀՀ կառավարության երկարատև ռազմավարությունն է:
«Մենք մեզ պատասխանատու ենք համարում այդ խնդրի լուծման համար: Խաղաղությունը, կայունությունը, համագործակցությունը հեշտ հայտարարելի և ցանկալի նպատակներ են, բայց դրանց իրագործման համար խելամիտ, մտածված, պրագմատիկ ջանքեր են պահանջվում, և Հայաստանը պատրաստ է նման ջանքեր գործադրել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: