Եվրահանձնաժողովը Եվրամիության դատարանին խնդրել է տուգանք սահմանել Լեհաստանի նկատմամբ՝ դատական բարեփոխումների և դատական իշխանության անկախության վերաբերյալ ԵՄ պահանջները չկատարելու համար՝ հայտնում է BBC-ն:
Ընդ որում՝ Եվրահանձնաժողովի պահանջով, տուգանքները պետք է հանվեն ԵՄ հատկացումների լեհական մասնաբաժնից ամեն օր՝ մինչև պահանջների կատարումը:
Սա Լեհաստանի պահպանողական կառավարության հետ երկարատև պայքարում Եվրահանձնաժողովի հերթական քայլն է: Վարշավան փաստացի հրաժարվում է կատարել Եվրոպական դատարանի որոշումը և փակել Դատական կարգապահական պալատը, որի լիազորություններն ու ձևավորման եղանակը, ըստ ԵՄ-ի, խաթարում են դատավորների անկախությունը:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը խոստացել էր ժամանակավորապես սառեցնել Լեհաստանի մուտքը համաճարակի հետևանքների դեմ պայքարի համար ստեղծված բազմամիլիարդանոց համաեվրոպական հիմնադրամի նրա մասնաբաժին: Այս կերպ Եվրահանձնաժողովը պատասխանել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկուն: Վերջինը Լեհաստանի Սահմանադրական դատարան էր դիմել պարզելու, արդյոք ԵՄ օրենսդրությունը գերակա է երկրի ազգային օրենսդրության նկատմամբ: