Սեպտեմբերի 4-ին Արագածոտնի մարզում դանակահարություն էր եղել: Հիվանդանոցից մարմնական վնասվածքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել էր ժամը 22:00-ի սահմաններում. հերթապահ քույրը հայտնել էր, որ մարմնին ծակած-կտրած վերքով 36-ամյա մի տղամարդ է տեղափոխվել բժշկական կենտրոն:
Սահմանված կարգի համաձայն՝ բժշկական կենտրոն մեկնած ոստիկաններն արձանագրել էին՝ քաղաքացին երբ, որտեղ, ինչ հանգամանքներում է ստացել վնասվածքը։ Տուժողը վստահեցնում էր, որ չի ճանաչում իրեն դանակահարողին։ Ըստ նրա՝ Ագարակ-Բյուրական գյուղեր տանող ճանապարհների խաչմերուկում, մի փուչ խոսքից վեճի էր բռնվել անհայտ անձի հետ, որն էլ դանակահարել էր։
Հանցագործությունը բացահայտվել է հաղորդումից երկու օր անց՝ քրեական հետախույզների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ։ Ձեռնարկված միջոցառումներով ոստիկաններն այլ բան են պարզել։ Քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 20;30-ի սահմաններում, նշված փողոցների խաչմերուկում անձնական հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ տուժողին դանակահարել է համագյուղացին՝ Բյուրական գյուղի 37-ամյա մի բնակիչ։
Բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողը նույն օրը ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Գրպանում եղած ծալովի դանակով էր վնասվածքներ պատճառել ու դեպքի վայրից հեռանալիս դանակը նետել դաշտամիջյան ճանապարհին։
Միջոցառումներ են ձեռնարկվում հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։ Հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: