ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դիրքերը լրջորեն թուլացել են նրա երդմնակալությունից 10 ամիս հետո բազմաթիվ ճգնաժամերի ֆոնին: Այսպիսի կարծիք է հայտնել ֆրանսիական Le Figaro պարբերականը:
Ճգնաժամերի շարքում թերթը նշել է կորոնավիրուսային համաճարակի աճը՝ կապված «դելտա» շտամի տարածման և պատվաստման տեմպերի նվազման հետ, հիվանդանոցներում ավելացել է հիվանդների թիվը, միաժամանակ բուժաշխատողների պակաս կա` կրճատումների և թոշակի անցնելու պատճառով:
Ըստ պարբերականի՝ ԱՄՆ նախագահի դիրքերի թուլացմանը նպաստել են նաև լայնածավալ բնական աղետները, հրդեհները, փոթորիկները, ջրհեղեղները, որոնց պատճառով ԱՄՆ-ի յուրաքանչյուր երրորդ բնակիչ ամռանը բախվեց կլիմայական աղետներին: Պատճառներից մեկն էլ Աֆղանստանի իրավիճակն է: Ամերիկյան զորքերի դուրսբերումը ներկայացվում է որպես «քաոսային հեռացում», որից կարելի էր խուսափել:
Բայդենի խոստացած «ուրախության և ազատության ամառը» վերածվեց մի շարք ճգնաժամերի, որոնք քաղաքականապես թուլացրին ԱՄՆ նախագահի դիրքերը»,- ասված է Սպիտակ տան նոր ղեկավարի առաջին արդյունքների վերաբերյալ հոդվածում:
Ավելի վաղ Reuters-ը հրապարակել էր Ipsos սոցիոլոգիական ծառայության հարցումը, ըստ որի՝ երդմնակալությունից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գործունեության հավանության վարկանիշն ընկել է ամենացածր մակարդակին՝ 46 տոկոսի: