ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ պետպատվերի ոլորտում առաջացած խնդիրներին, մասնավորապես, մամուլում տեղ գտած հրապարակումներին, ըստ որոնց՝ հիվանդանոցները որոշ հիվանդների պետպատվերով չեն սպասարկում։
Ավանեսյանի խոսքով՝ բոլոր բժշկական կազմակերպությունները տարվա սկզբին կնքում են շրջանակային պայմանագրեր, և հստակ ձևակերպվում է, թե տվյալ բժշկական կազմակերպությունն ինչ ծավալի պետպատվեր պետք է իրականացնի։
«Եվ, իհարկե, բժշկական կազմակերպությունները պետք է փորձեն ամեն ինչ անել՝ մնալու այդ շրջանակային պայմանագրային գումարների մեջ, որովհետև մենք բոլորս հասկանում ենք, որ բյուջեն սահմանափակ է, և մենք պետք է հստակ ունենանք կանխատեսում և դիսցիպլին՝ բյուջետային միջոցներն իրականացնելու։ Տարվա կեսին, այո, ուղարկվել է գրություն, որ բժշկական կազմակերպությունները մնան իրենց պայմանագրային գումարների շրջանակներում և դիմելիության հոսքից կախված՝ սպասարկեն ըստ հերթագրման սկզբունքի»,- ասաց նախարարը։
Տիկին Ավանեսյանի խոսքով՝ նկատվում է հիվանդների դիմելիության ու հիվանդացության աճ։ «Սա պայմանավորված է ինչպես COVID-ով, այնպես էլ հետպատերազմական իրավիճակով»,- հավելեց նա: Նախարարը նաև նշեց, որ առողջապահության ծախսային հատվածը պետք է շարունակաբար ավելացնել և ի վերջո գնալ համապարփակ առողջապահության ապահովագրության ճանապարհով։