ՀՀ-Ն ԿԱՐՈՂ Է ԴՈՒՐՍ ՄՆԱԼ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ «ՍՊԻՏԱԿ ՑՈՒՑԱԿԻՑ»
Եվրամիությունը Հայաստանը, ինչպես նաև Ճապոնիան, Ալբանիան, Ադրբեջանը, Բրունեյը և Սերբիան շուտով հնարավոր է՝ հեռացնի ԵՄ երկրների, այսպես կոչված, համաճարակաբանական «սպիտակ ցուցակից»: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Դա նշանակում է, որ այդ երկրներից այցելուները կամ վերադարձող մարդիկ կարող են ավելի խիստ վերահսկողության ենթարկվել, ինչպիսիք են COVID-19 թեստի հանձնումը կամ կարանտինը: Գործակալությանը ԵՄ դիվանագետները հայտնել են, որ Եվրամիության հատուկ առողջապահական կոմիտեն աայժմ վերանայում է անվտանգ ուղղության ցանկը: Որոշումը կընդունվի մինչև շաբաթվա վերջ:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ 126 ձայնով միաձայն ընդունել է սահմանադրական օրենքում նախատեսվող փոփոխությունները: Իշխող մեծամասնության նախաձեռնությամբ և որոշմամբ՝ նախագիծը քվեարկության դրվեց առանց այն կետի, որը նախատեսում է գլխավոր դատախազի ընտրություն որակյալ մեծամասնությամբ` խորհրդարանի լիիրավ անդամության 3/5 մասով:
Ըստ նախագծի՝ հաջորդ երկու խորհրդարանի ընտրությունների հիման վրա խորհրդարանի մանդատները կբաշխվեն այն կուսակցություններին, որոնք կստանան ձայների 2 տոկոսը:
Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը քննադատել է «Վրացական երազանք» կուսակցության կողմից սահմանադրական փոփոխությունների փաթեթից գլխավոր դատախազի նշանակման դրույթը հանելու որոշումը: «Ցավոք գլխավոր դատախազի ընտրության կարգի վերաբերյալ առանցքային դրույթը հանվել է: Այն նախատեսում էր միջկուսակցական լայն աջակցություն և նվազեցնում էր ռիսկը, որ որևէ կուսակցություն միայնակ կկարողանա նշանակել գլխավոր դատախազ»,- նշել է ԵՄ դեսպանը:
Թբիլիսին ավելի վաղ հրաժարվել էր ԵՄ առաջարկած ֆինանսական միջոցներից, ըստ վերլուծաբանների, դատական համակարգի բարեփոխումները ձախողելու պատճառով:
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ ՇՈՏԼԱՆԴԻԱՅՈՒՄ
Շոտլանդիան նորից անկախության հանրաքվե կանցկացնի: Վարչապետ Նիկոլա Ստերջենը նախատեսում է այն կազմակերպել մինչև 2023 թվականի վերջ: Մեծ Բրիտանիան դեմ է Շատլանդիայի անկախանալուն Միացյալ թագավորությունից: Հերթական հանրաքվեն անցկացնելու որոշումը վարչապետը պատճառաբանում է կորոնավիրուսի համավարակից հետո ստեղծված տնտեսական ճգնաժամը հաղթահարելու ցանկությամբ Ըստ նրա՝ այդ որոշումը տասը տարով առաջ կմղի Շոտլանդիայի տնտեսությունը:
ԱՆԿԱՐԱՆ ԿԱՐՈՂ Է ՀԵՏ ՈՒՂԱՐԿԵԼ ԱՖՂԱՆՍՏԱՆՑԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ
Անկարան կարող է բոլոր աֆղանստանցի փախստականներին հետ ուղարկել հայրենիք. այս սենսացիոն հայտարարությունն արել է «Հուրիյեթի» սյունակագիրը, որը հայտնի է Թուրքիայի նախագահական պալատին մոտ իր աղբյուրներով: Ըստ նրա, դրա մասին ասել է նախագահ Էրդողանը կուսակցության հիմնադիր մարմնի հավաքին: Նա մասնավորապես նշել է, որ աֆղանստանցիներին հայրենիք կուղարկի, եթե «Թալիբանի» ձևավորած նոր կառավարությունը համաձայնի:
ԱՖՂԱՆՍՏԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՄ-ՈՒՄ ՏԵՂ ՉԿԱ. ՉԵԽԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏ
Չեխիան, Ավստրիան, Հունգարիան, Լեհաստանը և Սլովակիան դեմ են Եվրամիության տարածքում ավելի շատ աֆղանստանցի ներգաղթյալներ ընդունելուն։ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել է, որ աֆղանստանցի միգրանտների համար ԵՄ-ում տեղ չկա, և նրանք պետք է մնան Աֆղանստանում կամ հարևան երկրներում։
ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ԴԺԳՈՀ Է ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻՑ
Միացյալ Նահանգները մտահոգված է այն բանից հետո, երբ թալիբները ներկայացրել են Աֆղանստանի կառավարության կազմը, որը բաղկացած է 90-ականների և ԱՄՆ կոալիցիայի դեմ երկու տասնամյակ տարվող պատերազմի մասնակից ֆունդամենտալ վետերաններից։
Հայտարարված ցուցակում բացառապես «Թալիբան» շարժման կամ նրանց մերձավորների անուններն են, և չկա որևէ կին»,- ասել է Սպիտակ Տունը՝ ընդգծելով, թեպետ սա ժամանակավոր կաբինետ է, սակայն ԱՄՆ-ը կդատի թալիբներին ոչ թե խոսքով, այլ՝ արված գործողություններով։ Օրինակ՝ վարչապետ Մուլլահ Մոհամմադ Հասսան Ախունդը ՄԱԿ-ի սև ցուցակում է։ Նա, որպես զինյալ խմբի ղեկավար, «Թալիբանի» նախկին կառավարման ընթացքում ծառայել է առանցքային պաշտոններում։
«ԹԱԼԻԲԱՆԸ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ Է ԶԼՄ-ՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
«Թալիբանը» արգելել է լրատվամիջոցներին լուսաբանել բողոքի ակցիաները և կոչ է անում խուսափել այդ միջոցառումներից: Այդ մասին հայտարարել է թալիբների ներկայացուցիչ Զաբիուհլլա Մուջահիդը: «Դրանք ցույցեր չեն, այլ հուզումներ են: Մենք դա թույլ չենք տա, և ԶԼՄ-ները չեն լուսաբանի նման ակցիաները»,- ասել է Մուջահիդը:
Նա ԶԼՄ-ներին կոչ է արել չնկարահանել ակցիաները և չհրապարակել դրանց վերաբերյալ տեսանյութեր: Նրա խոսքով՝ այդ ակցիաներն անօրինական են, և ԶԼՄ-ները չպետք է դրանք լուսաբանեն:
Երեքշաբթի աֆղանստանցիները Քաբուլում բողոքի ակցիա են իրականացրել Պակիստանի հետախուզության ղեկավար Ֆաիզ Համիդի՝ «Թալիբան» շարժման հրավերով Աֆղանստան կատարած այցից հետո: Բողոքի ակցիան սկսվել է Քաբուլի հյուսիսում և շարունակվել Պակիստանի դեսպանատան մոտ: