Մարդու իրավունքների պաշտպանն ու գերիների հարցերով զբաղվող իրավապաշտպանները հրապարակել են Ադրբեջանի պատասխանատվությունը՝ հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար թեմայով անգլերեն արտահերթ զեկույցը:
Ապացույցներն անվիճելի են, որ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված զինծառայողներն ու քաղաքացիական անձինք ենթարկվել են ֆիզիկական խոշտանգումների և հոգեբանական ճնշումների:
Արման Թաթոյան (ՀՀ մարդու իրավունքների պաշտպան) - Խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը, նվաստացումները եղել են լայնածավալ, հիմնված են եղել ոչ միայն էթնիկ պատկանելիության, հայ լինելու հանգամանքի վրա՝ ծաղրելով էթնիկ պատկանելիությունը, այլև կրոնական իրավունքների կոպիտ խախտումների վրա: Գրեթե չի եղել ջուր, սնունդ: Եղել են դեպքեր, երբ սնունդը գցել են գետնին, ստիպել ուտել գետնից:
Զեկույցում ներկայացվել են հայ զինծառայողների հանդեպ Ադրբեջանի սահմանապահ ծառայողների, հատուկ ծառայությունների ներկայացուցիչների իրականացրած կոպտագույն խախտումներին առնչվող փաստեր: Գերիների նկատմամբ վարվելակերպի կանոնակարգումներն ամրագրված են միջազգային իրավունքով:
Սիրանուշ Սահակյան (իրավապաշտպան) - Երեք ինստիտուտ ակտիվ ներգրավվածություն է ունեցել խոշտանգումների հարցում՝ ռազմական ոստիկանություն՝ ՊՆ ենթակայությամբ, քննչական մեկուսարան՝ ԱԱԾ ենթակայությամբ, արդարադատության նախարարության ենթակայությամբ մեկուսարաններ:
Հայ գերիներին զրկել են հիգիենիկ միջոցներից: Կարմիր խաչի կամ ռուս զինվորականների այցերի ժամանակ թաքցրել են գերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքը: Դաժանությունները կիրառել են, երբ փորձել են ստիպողաբար կորզել իրենց համար ցանկալի տեղեկություններ, պարտադրել են ստորագրել ադրբեջաներեն փաստաթղթեր:
Արման Թաթոյան - Զինծառայողներից մեկին ստիպել են ասել, որ Կովսականում եղել է հարսանիք կամ ծննդյան արարողություն, ինքը նռնակով պայթեցրել է տունը, մահացել է 50 ադրբեջանցի: Զեկույցը ցույց է տալիս, որ փաստերը ադրբեջանական շարունակվող ցեղասպան քաղաքականության հետևանքն են:
Ադրբեջանի շարունակվող, սադրիչ գործողությունները, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի խոսքով, ունեն երկու նպատակ՝ Արցախում ստեղծել վախի և հուսահատության մթնոլորտ, նաև նսեմացնել ռուս խաղաղապահ ուժերի աշխատանքի արդյունավետությունը: Արցախի 28 բնակավայր շատ մոտ է գտնվում հակառակորդի մարտական դիրքերին:
Գեղամ Ստեփանյան (Արցախի մարդու իրավունքների պաշտպան) - Խնդիրն այնպես դրվի, խաղաղ բնակավայրերից դիրքերը հեռացվեն այնպես, որ հնարավոր չլինի ուղիղ դիտարկմամբ տեսնել, թիրախավորել բնակավայրերը:
Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հիմքերն ուղարկվելու են միջազգային կառույցներին: Կյանքի իրավունքի պաշտպանության նպատակով հրատապ միջոց կիրառելու մոտ 125 դիմում է ներկայացվել Եվրադատարան: Գերիներից որևէ մեկը տեղեկացված չի եղել, որ ՄԻԵԴ-ն իրենց առնչությամբ գործ է քննում:
Արտակ Զեյնալյան (իրավապաշտպան) - Այս անորոշությունը բավարար է ասելու, որ որևէ մեկը զերծ չի մնացել անմարդկային վերաբերմունքից: Ժամանակակից աշխարհում զինվորը մարդասպան չէ, զինվորը ոչ թե սպանում է, շարքից հանում է տեխնիկան. այն, ինչ կատարվել է, գործ ունենք մարդասպանների հետ:
Հուլիսի 14-ին Սև լճի մոտից անհետացած և սեպտեմբերի 7-ին Հայաստան վերադարձած երկու անձի գերության փաստն Ադրբեջանը չէր հաստատել, ինչը վերահաստատեց հայկական կողմի կասկածները, որ Բաքուն թաքցնում է գերության մեջ գտնվող անձանց իրական թիվը:
Սիրանուշ Սահակյան - Պաշտոնական հաստատումների բացակայությունը մեզ թույլ է տալիս խոսել այն մասին, որ գործ ունենք բռնի անհետացման գործընթացի հետ: Նպատակը գերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելն է: Թվերը թաքցնելու մասին խոսում են նաև այլ ապացույցներ:
Արտակ Զեյնալյան - Մեր ուղերձը ևս մեկ անգամ միջազգային հանրությանը՝ պարտադրել Ադրբեջանին՝ ճանաչել գերեվարված անձանց ինքնությունը, հայտարարել նրանց իր մոտ գտնվելու փաստի վերաբերյալ:
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարեց, որ երեքշաբթի նախատեսում է այցելել գերությունից վերադարձած անձանց: