Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման հարցին:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ այդ հարցը քննարկվում է Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով:
«Վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո հասցրել եմ այցելել ԻԻՀ, այսօր էլ մեկնում եմ Վրաստան: Թե՛ Իրանի, թե՛ Վրաստանի հետ մեր քննարկումների օրակարգում էական դեր է խաղում տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացման թեման:
Այս համատեքստում կարևորում եմ «Հյուսիս-հարավ» նախագիծը, որն Իրանի հետ մեր սահմանը կապում է Վրաստանի հետ մեր սահմանին: Մեզ համար չափազանց կարևոր է նաև երկաթուղային կապի հաստատումը ՌԴ-ի և ԻԻՀ-ի հետ: Այս խնդիրը լուծելու համար Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը:
Այստեղ մենք վճռական ենք՝ ջանքեր գործադրել կոնկրետ արդյունքների հասնելու համար՝ գիտակցելով, իհարկե, որ Ադրբեջանն էլ իր հերթին ակնկալում է հաղորդակցություն ստանալ իր արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև»,- ասաց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանը տրամադրված է վերականգնել խաղաղ գործընթացն Ադրբեջանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:
Վարչապետը հայտնեց նաև, որ կարևորում է Ադրբեջանի հետ սահմանագծում և սահմանազատում իրականացնելու օրակարգը:
«Մենք շարունակում ենք աշխատել դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հույս հայտնեց, որ գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց Հայաստան վերադարձնելու գործընթացն օր առաջ ավարտին կհասցվի: