«ՀայՓոստը» գործարկել է ներհանրապետական դրամական փոխանցումների նոր համակարգ, որով հնարավոր է դրամական փոխանցումներ իրականացնել բոլոր փոստային բաժանմունքների միջև:
Դրամական փոխանցումների նոր համակարգը հնարավորություն է տալիս ընդունումը և վճարումը կատարել չորս փոխարժեքով՝ ՀՀ դրամով, ՌԴ ռուբլիով, ԱՄՆ դոլարով և եվրոյով: Այս համակարգով «ՀայՓոստի» հաճախորդները կարող են փոխանցումը անմիջապես ստանալ փոստային ցանկացած բաժանմունքից:
Ինչպես նշում է «ՀայՓոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը՝ «ՀայՓոստը» «մշտապես զարգացնում է իր բիզնես ուղղությունները՝ առաջարկելով նորարար ու առաջադեմ լուծումներ հատկապես մարզերի բնակիչների համար: Ներհանրապետական փոստային դրամական փոխանցումների այս նոր համակարգով մեր հաճախորդին առաջարկում ենք լավագույն ծառայություն, ապահովում ենք արագություն և հասանելիություն՝ հնարավորություն տալով միաժամանակ չորս փոխարժեքով կատարել փոխանցում և անմիջապես ստանալ գրեթե 850 բաժանմունքում»:
Փոխանցումը համակարգում պահպանվում է 30 օր: Ժամկետը լրանալու, ստացողի չներկայանալու կամ փոխանցումից հրաժարվելու դեպքում դրամական փոխանցումը հետ է վերադարձվում՝ բացառությամբ միջնորդավճարի: