«Ֆիզգորոդոկում»՝ Երևան քաղաքի Ալիխանյան եղբայրներ փողոցում օրեր առաջ քաղաքացիական անձանց և ոստիկանության ծառայողների միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել են քրեական գործեր՝ 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Մասնավորապես, նշված դեպքերից հետո քաղաքացիներից ստացվել են հաղորդումներ ակցիայի ժամանակ ոստիկանության ծառայողների կողմից իրենց նկատմամբ անհամաչափ ուժ, բռնություններ կիրառելու վերաբերյալ: Կատարված իրադարձությունների վերաբերյալ գրություն է ստացվել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից:
Դատախազությունից դրանք քննչական ենթակայության կարգով ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ:
Նախապատրաստված նյութերով ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել է երեք առանձին քրեական գործ, որոնցից երկուսը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի, մյուսը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: