Երևանը վերադառնում է Covid-19-ի կանխարգելման վերահսկողական միջոցառումներին: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պարբերական ստուգումներն այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խոշոր սուպերմարկետների ցանցում են: Տեսուչները սկզբում ծանուցում են, ապա արդեն ստուգում ջերմաչափումների գրանցամատյանները, ախտահանիչները, հաճախորդների սոցիալական հեռավորությունը:
Հայկ Մայիլյան (ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ) - Հեռավորությունը պետք է լինի 1.5 մ, որքան հնարավոր է՝ պահում են, մեկ-երկու դեպք լինում է, պետք է հնարավորինս խիստ լինեն:
Այս սուպերմարկետում ՍԱՏՄ տեսուչները գրանցամատյանների ու ախտահանիչների որակի խնդիր չհայտնաբերեցին, ստուգայցի պահին բոլորը դիմակով էին. գրեթե:
Հայկ Մայիլյան - Կա՛մ ոչ պատշաճ են կրում՝ քիթը բաց, կա՛մ բերանը բաց, որը չի կարելի, և ունենք դեպքեր, որ մատյանները թերի են լրացրել կամ չեն տրամադրել:
Ախտահանիչ նյութերի մասին զգուշացնում են, դրանք պետք է համապատասխանեն սահմանված պահանջներին:
Հայկ Մայիլյան - Ալկոգել նախատեսված է ձեռքերի համար, և ունենք սպիրտային լուծույթներ, որոնք պետք է լինեն 70-85 տոկոսանոց՝ և՛ ձեռքերի, և՛ ախտահանելու համար: Եթե հաճախորդը չի դնում դիմակ փակ տարածքում, պատասխանատվությունը տնտեսվարողի վրա է, եթե չեն կրում, պետք է խանութ ներս չթողնեն, խախտման դեպքում առաջին անգամ նախազգուշացնում են կամ 100-300 հազար դրամ տուգանք, մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամ տուգանք:
Ի դեպ, վերջին 19 օրում 177 ստուգայցից 10 արձանագրություն է կազմվել, մեկ տնտեսվարող արդեն տուգանվել է: