Պաշտոնական Երևանն արձագանքել է երեկվանից մեկնարկած թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, որ այս անգամ անցկացվում են Լաչինի շրջանում: Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը շեշտել է՝ Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում զորավարժության անցկացումը գնահատվում է որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն, որը չի համապատասխանում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և խաթարում է տարածաշրջանում տևական խաղաղություն, անվտանգություն և կայունություն հաստատելու ջանքերը։
Ադրբեջանի պաշտպանական գերաստեսչությունը համատեղ զորավարժությունների մասին հայտնել էր երեկ ու մանրամասնել, որ դրանց գլխավոր նպատակը ռազմական գործողությունների ժամանակ գործակցության կատարելագործումն է, հրամանատարների մոտ ռազմական որոշումների կայացման և ստորաբաժանումների կառավարման կարողությունների զարգացումը: Ըստ պաշտոնական Բաքվի՝ ուշադրություն է դարձվելու բարդ ռելիեֆում ժամանակակից ռազմական տեխնիկայից օգտվելու զինծառայողների հմտությունների ավելացմանը։
Տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերը խաթարվում են ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ և Արցախի Պաշտպանության բանակի հետ շփման գծում իրականացրած սադրիչ գործողությունների հետևանքով, ինչն անթույլատրելի է, սա էլ շեշտել են Արարատ Միրզոյանն ու Դավիթի Բաբայանը: Այսօր կայացած հանդիպման ժամանակ, քննարկելով ղարաբաղյան հիմնախնդիրը:
Հայաստանի ու Արցախի արտգործնախարարն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման և համապարփակ ու տևական հանգուցալուծման անհրաժեշտությունը։
Զրուցակիցները կարևորել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների շուտափույթ և առանց նախապայմանների վերադարձի հարցը, տեղահանված արցախցիների իրավունքների վերականգնման և նրանց անվտանգության ապահովման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը։