Թարգմանիչ, գրականագետ, գրող, բայց, նախևառաջ, քննադատ կյանքում, աշխատանքում: Այսպես են հիշում Ալեքսանդր Թոփչյանին:
Արքմենիկ Նիկողոսյան (գրականագետ) - Թոփչյանը բարձր արժեք էր՝ որպես քննադատ, որպես 1960-ականների բանաստեղծների պրոդյուսեր: Եթե նա չլիներ, իր հոդվածները չլինեին, դժվար է ասել՝ ինչ ճակատագրի կարժանանար այդ սերունդը: Թոփչյանը նրանց պաշտպանեց, Թոփչյանը նրանց հրատարակեց:
Ալեքսանդր Թոփչյանը հեղինակ է մոտ 500 գրականագիտական հոդվածի՝ նվիրված արդի գրականության հարցերին։
Արքմենիկ Նիկողոսյան - Այն բացառիկ գրականագետներից է, որ արևելահայ ստեղծագործողներին ներկայացրեց սփյուռքահայ գրականության այնպիսի հեղինակներ, որոնց մուտքը, կարելի է ասել, արգելված էր:
Մեծ ավանդ ունի ոչ միայն գրականագիտության, գրականության, այլև թարգմանության ասպարեզում:
Էդվարդ Միլիտոնյան (Հայաստանի գրողների միության նախագահ) - Շեշտված նա զբաղվեց ֆրանսերենից թարգմանություններով: Հրաշալի գրքեր թարգմանեց:
Պատմում են՝ Թոփչյանի խոսքում անպակաս էր հումորը, հեգնանքը:
Էդվարդ Միլիտոնյան - Թոփչյանին հիշել ու չժպտալ անկարելի է: Որքան էլ լուրջ լիներ թեման, նա միշտ շարահյուսում էր զվարթամտություն, զվարթախոսություն:
Թոփչյանն արժանացել է մի շարք մրցանակների Հայաստանում, Ֆրանսիայում: Նա գրում էր նաև գեղարվեստական գործեր: «Եվ անգամ մահից հետո» վեպը նվիրված է հայ գրող Ռուբեն Սևակին: «Բանկ Օտոման» գործում էլ հայ վրիժառուների մասնակցությամբ պատմական գործողությունն է, Հայոց ցեղասպանության սկիզբը:
Գրչակիցները պատմում են՝ Ալեքսանդր Թոփչյանը սիրում էր անվերջ գնալ դեպի լուսավորը, գեղեցիկը, նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում:
Հեղինակ՝ Անի Ավագյան