Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մասնակցել է Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության 5-ամյակին նվիրված «Հակամենաշնորհային կարգավորում՝ պետության և հասարակության շահերի հավասարակշռության ապահովումը» խորագրով միջազգային տեսահամաժողովին:
Գեղամ Գևորգյանը շնորհավորել է Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Վլադիմիր Կոլտովիչին և նախարարության աշխատակազմին 5-ամյակի առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք և մասնագիտական հաջողություններ:
Այնուհետև ՄՊՀ նախագահը հանդես է եկել «ՀՀ-ում հակամենաշնորհային կարգավորման հիմնական ուղղությունները ժամանակակից փուլում» թեմայով զեկուցմամբ: Գեղամ Գևորգյանն իր խոսքում առանձնակի կարևորել է ԱՊՀ, ԵԱՏՄ տարածքում, ինչպես նաև տարբեր միջազգային հարթակներում հակամենաշնորհային/մրցակցային մարմինների միջև համագործակցությունը` հակամրցակցային գործողությունների կանխարգելման, ուսումնասիրությունների իրականացման շրջանակում փորձի և տեղեկատվության փոխանակման նպատակներով:
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: ԵԱՏՄ տարածքում մրցակցային քաղաքականության զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը պարգևատրվել է Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարի պատվոգրով, իսկ Հանձնաժողովի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Միքաելյանը՝ շնորհակալագրով: