ՀՆԱ-ի 6-7 տոկոս մասնաբաժին՝ ներկայիս 4-ի փոխարեն, մինչև 2026 թվականը ոլորտում ներգրավված մոտ 35 հազար մասնագետ: Կառավարության ծրագրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին վերաբերող ամրագրված նպատակները հավակնոտ են: Գերակա ճյուղ հայտարարված այս ուղղությունը առաջիկա հինգ տարում պետք է ավելի կարևոր դեր խաղա Հայաստանի տնտեսական ցուցանիշներում՝ վստահ են ոլորտի մասնագետներն ու պատասխանատուները:
Երևանյան այս ընկերությունում աշխատանքային ժամերն ամրագրված չեն: Ոմանք սկսում են 11-ին և մնում գրասենյակում մինչև ուշ երեկո: Սա ՏՏ ոլորտին բնորոշ աշխատանքային մշակույթ է: Ընկերության հիմնադիր Գոռ Վարդանյանը հիշում է 2011 թվականի մեկնարկը:
Գոռ Վարդանյան (ՏՏ ընկերության հիմնադիր) - 3-4 հոգով ենք սկսել: Հիմա արդեն մոտ 30-40 հոգի ենք, ու ընդլայնվելու շատ տեղ ունենք:
Ընկերությունը մասնագիտացած է հիմնականում արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ուղղություններով: Պատվերները ստանում են արտասահմանից, սակայն ներդրումներ են անում նաև սեփական ստարտափում, որն զգալի հաջողություններ է գրանցել:
Բարձրտեխնոլոգիական այս ճյուղը տարեկան գրանցում է 25-30 տոկոս տնտեսական աճ: Եթե այս դինամիկան պահպանվի, ընդամենը 3-4 տարի կպահանջվի ծավալը կրկնապատկելու համար:
Գոռ Վարդանյան (ՏՏ ընկերության հիմնադիր) - 20 տոկոսը, իմ կարծիքով, շատ քիչ է: Եթե ճիշտ խանութներ արվեն, շատ ավելի բազմապատիկ զարգացում ապահովելու հնարավորություն կա: Բելառուսում, օրինակ, մի քանի տարի 100 տոկոս զարգացում է եղել:
Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների մասին սկսեցին խոսել 2000-ականներին, երբ մեր երկրում բացվեցին նմանատիպ առաջին ընկերությունները: Այդ ժամանակ դրանք մեծապես կախված էին դրսի պատվերներից, իսկ հիմնադիրները հիմնականում արտասահմանում բնակվող մեր հայրենակիցներն էին: Որոշ ժամանակ անց Հայաստանում հիմնադրվեցին առաջին տեղական ստարտափները: Դրանցից մի քանիսը դուրս եկան միջազգային ասպարեզ, իսկ վերջին տարիներին զարգացումն ավելի մեծ թափ ստացավ:
Սամվել Մարտիրոսյան (տեղեկատվական անվտանգության մասնագետ) - Վերջին երևի մի 5 տարին է, երբ սկսեցին դառնալ արտահանող երկիր, սեփական արտադրանքը ստեղծող և վաճառող:
Սամվել Մարտիրոսյանը համոզված է՝ ՏՏ-ոլորտին ուղղակի պետք է չխանգարել զարգանալ: Սակայն գլխավոր արգելակող հանգամանքը հիմա, ինչպեսև վերջին տարիներին, մասնագետների պակասն է: Չնայած խնդրի մասին խոսվում է վաղուց, կրթական համակարգը չի կարողանում և չի հասցնում լրացնել բացը:
Գոռ Վարդանյան (ՏՏ ընկերության հիմնադիր) - Ներուժը կա Հայաստանում: Պահանջարկը կա: Հենց հիմա Հայաստանում 100-ներով մասնագետների կարիք կա: Որակյալ մասնագետների, բայց նաև ոչ այդքան բարձրագույն կրթությամբ մասնագետների. եթե մենք 100 հազար մասնագետ պատրաստենք, այդքան պահանջարկ կա:
Մասնագետների համոզմամբ, տեղեկատվական տեխնոլոգիաները դեռ տևական ժամանակ կմնան Հայաստանի տնտեսության առավել դինամիկ զարգացող ոլորտը: Եթե այս ճյուղի մասնաբաժինը ՀՆԱ-ում հասնի նպատակային 6-7 տոկոսին, այս ցուցանիշով Հայաստանը կմոտենա զարգացած երկրներին: