ՀԱՊԿ-ը եռօրյա զորավարժություններ է սկսել Ղրղզստանում, որոնք միտված են Աֆղանստանում ի հայտ եկած նոր իրավիճակին պատրաստվելուն և արձագանքելուն: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ վարժանքներին մասնակցում են Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի զինծառայողները: Ի սկզբանե նախատեսվում էր, որ նրանց կմիանան նաև Տաջիկստանի ներկայացուցիչները, սակայն Դուշանբեն վերջին պահին հրաժարվել է մասնակցությունից՝ առանց հստակ պատճառաբանության: Զորավարժությունների բացման արարողության ժամանակ ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ Անատոլի Սիդորովը հայտարարել է, որ Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին թալիբների իշխանության գալուց հետո անբարենպաստ իրավիճակ է ստեղծվել: Ավելի վաղ ՀԱՊԿ-ի անդամ երկրների առաջնորդներն արտահերթ նիստ էին անցկացրել Աֆղանստանի հարցով և պայմանավորվել համաձայնեցնել դիրքորոշումներն ու սեպտեմբերին միասնական հայտարարություն տարածել՝ արտգործնախարարների մակարդակով։
*****
Յոթ երկրի, այդ թվում՝ Հայաստանի զինծառայողները մեկնել են Ռուսաստան՝ մասնակցելու ռուս-բելառուսական «Արևմուտք-2021» զորավարժություններին։ Համատեղ զորախաղերը կմեկնարկեն սեպտեմբերի 10-ին, կշարունակվեն մեկ շաբաթ՝ 200 հազար զինծառայողի, 750 միավոր զրահատեխնիկայի, տասնյակ նավերի և օդանավերի մասնակցությամբ ։«Հիմնական մասնակիցներից՝ ռուսական ու բելառուսական բանակներից բացի, վարժանքներում կներգրավվեն նաև ՀԱՊԿ անդամ Հայաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, նաև Հնդկաստանի, Մոնղոլիայի և Շրի Լանկայի մոտ 500 զինծառայողներ»,- հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
*****
Լեհաստանի խորհրդարանը վավերացրել է Բելառուսի հետ սահմանին արտակարգ դրություն մտցնելու՝ նախագահ Անջեյ Դուդայի որոշումը, որն ընդունվել էր անցած շաբաթ։ Վերջին 30 տարում դա Լեհաստանում արտակարգ դրություն սահմանելու առաջին դեպքն է: Պատճառը, ըստ պաշտոնյաների, Բելառուսի հետ սահմանին ի հայտ եկած միգրացիոն ճգնաժամն է։ Իրավիճակն այստեղ սրվել է անցած հունիսից, երբ Արևմուտքի պատժամիջոցներին ի պատասխան՝ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն սպառնաց այլևս չզսպել անօրինական միգրանտների հոսքը դեպի Եվրամիության երկրներ։ Լեհաստանի իշխանությունը նշում է, որ սահմանն ամրապնդելու պատճառ է հանդիսացել նաև ռուս-բելառուսական «Արևմուտք-2021» զորավարժությունը: Վերջին օրերին Լեհաստանի սահմանապահ ծառայությունը գրանցել է Բելառուսի կողմից սահմանի անօրինական հատման փորձերի թվի աճ: Սամանապահների տվյալներով՝ ԵՄ թափանցելու հույս ունի ավելի քան 10 հազար մարդ: Լիտվան, Լատվիան և Լեհաստանը Մինսկին մեղադրում են փախստականներին մինչև ԵՄ-ի արտաքին սահման կազմակերպված փոխադրելու մեջ: Մայիսի վերջին, երբ արևմտյան երկրները խստացրեցին Բելառուսի դեմ պատժամիջոցները, նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ Մինսկն այլևս չի զսպելու ԵՄ-ի երկրներ անօրինական միգրանտների հոսքը: Արևմուտքի պատժամիջոցների պատճառով դրա համար չկան «ո՛չ փող, ո՛չ ուժեր»:
*****
«Թալիբանը» հայտարարել է, որ Աֆղանստանի բոլոր շրջանները, այդ թվում՝ մինչև երեկ դիմադրող Փանջշերը, անցել են իր վերահսկողության տակ, և պատերազմն ավարտված է: ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Վաշինգտոնը կապի մեջ է Աֆղանստանում վերահսկողություն հաստատած «Թալիբան» շարժման հետ և հետևում է, որ նրանց տված խոստումներն իրականություն դառնան՝ հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը։ Էնթոնի Բլինքենն առաջին հերթին կարևորել է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը՝ հիշեցնելով, որ ծայրահեղական խմբավորումը խոստացել էր երկրից դուրս գալու հնարավորություն տալ բոլոր ցանկացողներին։ «Մենք զբաղվում ենք Աֆղանստանից մարդկանց տարհանման հարցով, և անցած մի քանի ժամվա ընթացքում ուղիղ տեքստով կրկնել ենք, որ սպասում ենք տրված խոստումների կատարմանը»,- Կատարում հայտարարել է Բլինքենը՝ հավելելով՝ թալիբները վերահաստատել են, որ պատրաստ են իրագործել այդ պարտավորությունը։