Որպեսզի Ձեր հեռուստաէկրանին միշտ թարմ լրատվություն և հետաքրքիր բովանդակությամբ հաղորդումներ լինեն, եթերն ապահովող թիմը պետք է առողջ լինի: Այսօր կորոնավիրուսի պատվաստում ապահովող կետը Հանրայինում էր:
Անվտանգությունից լրատվական ծառայություն, ստեղծագործական բաժնից տնօրինություն: Հանրայինում այսօր պատվաստվեց շուրջ 150 աշխատակից. պատվաստանյութերի տեսակները երկուսն էին՝ «Աստրազենեկա» և «Սինոֆարմ»:
Աննա Օհանյան, Հանրային հեռուստաընկերության Հանրային կապերի և թվային հաղորդակցության ծառայության ղեկավար - Հենց մեր աշխատակիցներն էին մեզ դիմում ու ասում, որ ցանկանում են պատվաստվել: Եվ քանի որ հեռուստատեսությունում աշխատանքը շատ ինտենսիվ է և շատ դժվար է կազմակերպել դա ինքնուրույն, Հեռուստատեսության աշխատակիցներին շատ հարմար կլիներ միանգամից պատվաստվել:
Պատվաստումների դեմ տարածվող լուրերին Մարատ Օրդյանը լուրջ չի վերաբերում:
Մարատ Օրդյան, հաղորդավար - Մենք սովետական սերունդ ենք, փոքր ժամանակվանից այնքան պատվաստումներ են արել: Այն ժամանակ սովորական էր, հիմա չգիտեմ, թե այս աղմուկն ինչի համար է:
Իսկ պատվաստվելուց հետո կիսվում է զգացողություններով:
Մարատ Օրդյան - Ամենահաճելի պահը չէր, բայց, եթե անկեղծ, չզգացի:
Պատվաստումների արշավի կազմակերպմանը Հանրայինում օգնել է Առողջապահության նախարարությունը: Առաջինում առաջին պատվաստվողներից էր Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահագն Թևոսյանը:
Վահագն Թևոսյան, Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ - Մարդիկ սկսում են հասկանալ, ընդունել, պատկերացնել պատվաստումների կարևորությունը, և ես հույս ունեմ, որ այս շարժումը կօգնի մեզ, որ մենք հաջորդ ալիքը չունենանք:
Պատվաստումները կարևոր են Հանրայինի անխափան եթերն ապահովելու համար՝ նշում է Առաջին ալիքի գործադիր տնօրենն ու ստանում իր դեղաչափը: Գործընթացը նույնն է՝ բժշկի հետ խոհրդակցություն, ջերմաչափում, զարկերակային ճնշման ստուգում, սատուրացիա:
Հեռուստատեսությունում աշխատանքը ռիսկային է այն առումով, որ շատ են նկարահանումներն ու շփումները մարդկանց հետ: Հատկապես՝ լրատվական ծառայությունում: Այդ ռիսկից խուսափելու համար այսօր «Լուրերից» պատվաստվեց 30 աշխատակից:
Հովհանննես Մովսիսյան, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն - Հանրայինում մի քանի հարյուր աշխատակից կա, և երբ մենք ունենում ենք շատ կարևոր օղակներում բռնկումներ, դրանք սկսում են տարածվել: Հանրայինում կան շատ սպեցիֆիկ մասնագետներ, որոնք եթե չգան աշխատանքի, նրանց փոխարինողներ գրեթե չկան: Այս դեպքում Հանրայինը եթերի խնդիր կունենա:
Վերջին օրերին հրապարակված հարցումների համաձայն՝ հանրությունն ամենից շատ վստահում է կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ Հանրայինի տրամադրած տեղեկությանը:
Հովհանննես Մովսիսյան - Շատ կարևոր է, որ այսպիսի խմբային պատվաստում է լինում ընկերությունում, որովհետև սա իմունիտետ է ձևավորում հենց ընկերության տարածքում: Նոր ինձ բացատրեցին, որ կոլեկտիվ իմունիտետ է ձևավորվում
Հանրայինի աշխատակիցներն այսօր պատվաստվեցին, որ եթերն անխափան լինի և որ սեփական օրինակով ցույց տան՝ պատվաստվելը վտանգավոր չէ: Մենք մեր չափով նպաստեցինք Քովիդի նոր ալիքի կանխարգելմանը՝ Էստաֆետը փոխանցելով մյուս կազմակերպություններին: