Մոխրացած տունը ճռճռում է մովսեսցի Մհերի ոտքերի տակ։ Հրդեհը կայծակի հարվածից է բռնկվել օգոստոսի 15-ի գիշերը։ Լավ է՝ ամռան շոգ այդ օրն ընտանիքն առաջին հարկում էր քնել։
Կրակը միանգամից կլանել է ամբողջ տանիքն ու երկրորդ հարկը: Ամպրոպի խլացնող ձայնից րոպեներ չանցած՝ ամենուր կարմիր բոցեր էին՝ մղձավանջային գիշերվա իրադարձություններն է նկարագրում տուժած ընտանիքի հարևանը։
Արմենակ Պապյան (Մովսեսի բնակիչ) - էնքան էդ որոտն ուժեղ էր, որ տանը քնած էի՝ կինս էլ համարյա արթնացավ: էնքան մեծ ծուխ, բոց, տաքություն էր մեծ բռնել՝ հնարավոր էլ չէր մոտենալ:
Թաղի բնակիչներով են առաջինն օգնության շտապել, հետո ամբողջ գյուղը ոտքի է կանգնել սելավի տակ դույլերով ջուր հասցնելու։ Հրշեջներն էլ չեն ուշացել՝ զանգից 6 րոպե անց տան բակում էին․․․ բայց ոչինչ փրկել չի հաջողվել․ ո՛չ կահույք, ո՛չ հագուստ, ո՛չ հեռուստացույց։
Մհեր Ադյան (Մովսեսի բնակիչ) - Երկու հատ եղել ա, մարազիլկա, խալադելնիկ, երկու տան գույք:
Հրդեհը երկու տան գույք է այրել, քանի որ Ադյանների ունեցվածքից բացի բնակարանում եղել են նաև տանտերերի իրերը։ Բանն այն է, որ տունն ուրիշինն է։ Իրենցը Ադրբեջանի հետ սահմանից ուղիղ գծով ընդամենը 5-600 մետր է հեռու, կինն ու 4 երեխաները վախենում էին, ստիպված գյուղում ապրելու այլ հասցե էին գտել՝ պատմում է Մովսեսի վարչական ղեկավարը։
Արտակ Պապյան (Մովսեսի վարչական ղեկավար) - Անվտանգությունից ելնելով՝ տեղափոխվել են ուրիշի տուն, որովհետև իրենց հայրական տունը ուղիղ նշանառության տակ էր:
«Կարկուտը ծեծած տեղն է ծեծում». տնավեր կայծակի մասին ասում են սահմանամերձ գյուղում։ Որ բնությունն է հրդեհի պատճառը՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունն արդեն եզրակացություն է տվել։
Արտակ Մեջինյան (ՀՀ ԱԻՆ հրդեհների և տեխնիկական անվտանգության հետաքննությունների վարչության գլխավոր հետաքննիչ) - Կայծակը հարվածել է տան արևմտյան անկյունին, որը պատճառ է հանդիսացել հրդեհի առաջացման տանիքում ու երկրորդ հարկում՝ պատճառելով 16 մլն դրամի նյութական վնաս:
Ստեղծված իրավիճակից ինչպես դուրս գալ՝ Մհերը չգիտի։ Երկու ուսանողի ծախս ունի ուսերին, մյուս երեխաները փոքր են, պետք է և՛ ապրելու վայրի հարցը լուծի, և՛ կիսաքանդ դարձած տունը նորոգի։ Որոշակի աջակցություն Բերդի համայնքապետարանը ցույց կտա՝ վստահեցնում է Արտակ Պապյանը։
Արտակ Պապյան (Մովսեսի վարչական ղեկավար) - Համայնքը պարտավորվել է, որ օգնի, իրենք դիմում են գրել, մենք էլ պարտավորվել ենք, որ ինչ-որ չափով օգնություն ցույց տանք:
Ի՞նչ գումարի մասին է խոսքը և եր՞բ կհատկացվի՝ առայժմ պարզ չէ։ Հրատապն այս փուլում այրված տան գլխին տանիք դնելն ու պատուհաններ տեղադրելն է, որ աշնան անձրևները վերջնականապես չխարխլեն հրդեհից թուլացած պատերը։